ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ «ԱՆՄՈՌՈՒԿՆԵՐՈՎ»
Արխիվ 12-16
ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ «ԱՆՄՈՌՈՒԿՆԵՐՈՎ»

Մարտի 4-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն Ալ Բուստան միջազգային փառատոնում հանդիսատեսին նվիրեց դասական երաժշտության գեղեցիկ համերգ։ Ներկայացվեցին Ռախմանինովի, Չայկովսկու ստեղծագործությունները։ Որպես մենակատար հանդես եկավ դաշնակահարուհի Խաթիա Բունիաթիշվիլին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն այս տարի Ալ Բուստան միջազգային փառատոնին իր մասնակցությունը նվիրում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Առաջին իսկ օրից և′ Երիտասարդական նվագախմբի երաժիշտները, և′ փառատոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն հանդես են գալիս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկ» կրծքանշաններով։
Դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, խոսելով երիտասարդական նվագախմբի մասին, նշեց. «Այս նվագախումբը վաղուց արդեն դուրս է եկել երիտասարդական նվագախմբի բնորոշումից, քանի որ հասուն, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող կոլեկտիվ է»։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությունն Ալ Բուստան փառատոնին կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի շնորհիվ՝ 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն արդեն երկրորդ տարին անընդմեջ հրավիրվում է Բեյրութում անցկացվող Ալ Բուստան միջազգային փառատոնի կողմից՝ հանդես գալու որպես պաշտոնական նվագախումբ։
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

