«ՊԱՏԱՍԽԱՆ` 100 ՏԱՐԻ ԱՆՑ». ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Արխիվ 12-16«ՊԱՏԱՍԽԱՆ` 100 ՏԱՐԻ ԱՆՑ». ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Պատասխան` 100 տարի անց» խորագրով համալիր ծրագիրը իրականացնում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, որն անդրադարձ է 1894-1923 թվականներին գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին և այլ վկայություններին:
նախագծի շրջանակում մինչեւ հունիսի 1-ը կիրականացվի երկու ենթածրագիր, ինչի արդյունքում կհրատարակվի «Պատասխան` 100 տարի անց» պատկերագիրքը: Առաջին ենթածրագիրը ներառում է 1894-1923 թվականներին գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող արխիվային 11 նամակների ընտրություն` հայ և օտարազգի անվանի գործիչներին ծանուցելու և նրանց պատասխան-արձագանքները հավաքագրելու նպատակով: Երկրորդ ենթածրագիրը ներառում է Հայոց ցեղասպանությունը փաստող արխիվային 11 վավերագրերի թեմաներով գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթ` Հայաստանի ազգային պատկերասրահում թեմատիկ ցուցադրություն կազմակերպելու նպատակով:
Փետրվարի 24-ին և 25-ին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում անցկացվեց Հայոց ցեղասպանությունը փաստող վավերագրերի թեմաներով` «Պատասխան` 100 տարի անց. անցյալը` ներկայում» խորագրով գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի եզրափակիչ փուլը: Այդ օրերին, փակ ցուցադրությանը ներկա գտնվեցին և աշխատանքները գնահատեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը , ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը , ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, մրցույթի պատասխանատու Արմեն Գասպարյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, քանդակագործ, արվեստաբան Գագիկ Ղազարյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը, ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը /Թաթոս եւ այլ անվանի գործիչներ:
Աշխատանքները գնահատվել են 1-5 միավորի սահմանում` մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված չափորոշիչների համաձայն:
Փետրվարի 27-ին արդեն հրապարակված մրցույթի արդյունքների համաձայն, այս փուլում ներկայացված լավագույն 20 աշխատանքները կներառվեն «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում, նույն հավաքածուից 15 աշխատանքներ կներկայացվեն Հայաստանի ազգային պատկերասրահի նույնանուն ցուցադրությունում:
Առավելագույն միավորներ է ստացել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 2-րդ կուրսի ուսանող Նարեկ Կնյազյանի «Վերջինը» անվանումով քանդակը, որն արժանացել է «Հատուկ» կարգավիճակի:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

