ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՎԵՐԿԱՆԳՆԵՑ ԽԱԹԱՐՎԱԾ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՎԵՐԿԱՆԳՆԵՑ ԽԱԹԱՐՎԱԾ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթայանը հաղթահարեց իր կարիերայում եւս մեկ դժվար հատված: Հայ ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում, ինչպես հայտնի է, "Բորուսիայի" կազմում վերջապես գոլի հեղինակ դարձավ եւ փայլուն խաղ անցկացրեց սկզբունքային մրցակցիª "Շալկեի" դեմ խաղում:Ընդ որում, երկարատեւ դադարից հետո Մխիթարյանին վստահվեց խաղադաշտում անցկացնել 90 րոպե, ինչն արդարացվեց խփած գնդակով եւ կատարած գոլային փոխանցմամբ: Հեղինակավոր գերմանական պարբերականները Մխիթարյանի գործողությունները "Շալկեի" դեմ գնահատել են հետեւյալ կերպ. Kicker-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 2-ով. նույն գնահատականն են ստացել նաեւ Օլիվեր Կիրխը, Մատս Հումելսը, Նուրի Շահինը եւ Իլկայ Գյունդոգանը, եւ լավագույնն է ճանաչվել Մարկո Ռոյսըª 1.5: Bild-ը եւս Մխիթարյանի խաղին տվել է 2 գնահատականըª Օլիվեր Կիրխի, Նեւեն Սուբոտիչի, Մատս Հումելսի, Մարսել Շմելցերի եւ Նուրի Շահինի հետ միասին, եւ այս դեպքում առավելագույն գնահատականի (1) արժանացել են Իլկայ Գյունդոգանը, Մարկո Ռոյսը եւ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:
Իսկ ահա Transfermarkt-ի ընթերցողների քվեարկությամբ` Դորտմունդի "Բորուսիայի" յոթ խաղացողներ, որոնց թվումª Հենրիխ Մխիթարյանը, ընդգրկվել են Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Eurosport-ի վարկածով էլ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը ընդգրկվել էր եվրոպական Մեծ հնգյակի առաջնությունների հերթական տուրի խորհրդանշական հավաքականում: Այսպիսովª Մխիթարյանը մեկ խաղում կարողացավ վերադարձնել խաթարված վստահությունը եւ վերջ դրեց իր մարզավիճակի եւ ցուցադրած խաղի հետ կապված բոլոր կասկածներին: Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի "Դինամոյի" դարպասապահ Ռոման Բերեզովսկին էլ այս կարծիքն է ներկայացրել. "Ուշադրությամբ հետեւում եմ Հենրիխի խաղինª փորձելով բաց չթողնել "Բորուսիայի" հանդիպումները: "Շալկեի" դեմ խաղում խփած գոլը կվերադարձնի Մխիթարյանի վստահությունը` սեփական ուժերին: Հիանալի է, որ "Բորուսիայի" գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չկորցրեց հավատը Մխիթարյանի հանդեպ եւ նրան ընդգրկեց մեկնարկային կազմումª չնայած նրա ոչ այնքան լավ ելույթներին: Հենրիխը կարողացավ շնորհակալություն հայտնել դրա համար":
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

