ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԻՃԱԿԸ
Արխիվ 12-16ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԻՃԱԿԸ
Հաճախ ենք բարձր գոռում, այս ու այն ամբիոններից քննադատում, թե պատմամշակութային արժեքների պահպանության մասին չեն մտածում պատկան մարմինները: Բայց մոռանում ենք մի պարզ ճշմարտություն, որ հասարակության մոտ բացակայում է այդ արժեքներին հարգալից մոտենալու ու մասունքի պես պահպանելու մոտեցումը: Հատկապես այդ փաստը համոզիչ դարձավ, երբ Երեւանի կենտրոնում տեղադրվեցին հայ մեծանուն արտիստների կավե քանդակները, որոնք յուրահատուկ կոլորիտ էին տալիս Երեւան քաղաքին: Բայց կազմակերպիչները հաշվի չէին առել մի փաստ, որ հայերս միայն սրտացավ ենք մեր դռան առաջ եղած քառակուսու համար եւ վաղուց արդեն էլ չի ընդունվում այն կարգախոսը, թե Երեւանն իմ տունն է: Ամեն դեպքում մի քանի անգամ վերանորոգելուց ու կավե հուշարձանները կրկին իրենց տեղերում վերադարձնելուց հետո ստիպված եղան ընդհանրապես հանել դրանք:
Լավ, մի կողմից հասկանալի է, դրանք կավից էին պատրաստված ու դիմացկուն չէին, իսկ ինչ կասեք երկաթից` բրոնզաձույլ, պղնձաձույլ հսկայական արձանների մասին, որոնք մաս-մաս կողոպտվելով` կանգնած են անհետացման եզրին:
«ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԺԱՊԱՎԵՆԻՆ» ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՆՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԸ
Տարիներ առաջ քանդակագործ ԴԱՎԻԹ ԲԵՋԱՆՅԱՆԸ այդպես էլ նույնիսկ իր կենդանության օրոք չկարողացավ հանցագործներից պաշտպանել Չարենցավանի ճանապարհին գտնվող` «Հավերժության ժապավեն» պղնձաձույլ արձանը, որը բազմիցս ենթարկվել է կտտանքների: Նրա մահից հետո անցել է շուրջ 4 տարի, իսկ այրին` երգչուհի Նադեժդա Սարգսյանն ու դուստրը` երգչուհի Էմմին չեն կարողանում հուշարձանը փրկել անհետացման վտանգից: Ավելին` ինչպես Էմմին մի անգամ «Իրավունքի» հետ զրույցում
ասաց, էլ չգիտի, թե ում դիմի այդ հարցով. «Ի վերջո, դա ժամանակի ընթացքում ապրած արձան է: Այդ արձանի մեջ շունչ կար, նայում ես` անվերջության ժապավեն է, բայց այդ ճանապարհով որքան մեքենաներ են անցել, ինչքան մարդիկ են կանգնել, էմոցիաներ, շփում է եղել արձանի հետ: Եվ մի՞թե կարելի է թողնել, որպեսզի արձանից անհետանա մեծ մաս... Եթե չնչին մաս անհետանում է, կարելի է մեղադրել գողացողներին, գուցե ճարահատյալ, պատճառներ են ունեցել գողանալու, վաճառելու եւ գումար վաստակելու: Բայց երբ տեսնում ես արձանի մեծ մասն է սկսում անհետանալ` գլուխը, անվերջության ժապավենի մի կողմն ընդհանրապես չկա, նշանակում է, որ սա ոչ թե գողերն են մեղավոր, այլ տվյալ տարածաշրջանի պատասխանատու ներկայացուցիչները: Մեծ ցավ է` թողնել, որպեսզի այն հենց այնպես անհետանա: Գուցե այսպես եմ ասում, որովհետեւ արձանի ստեղծողի արյունն եմ կրում: Բայց արձանն արժեքավոր է, եթե այսքան տարի կանգուն է եղել, ուրեմն պետք է կանգուն լինի մինչեւ վերջ: Եթե կան մարդիկ, որոնք այդ տարածքի վրա ինչ-որ բան ունեն անելու, եւ եթե նրանց պետք է, որ արձանը մաս-մաս վերանա, թող մեզ դիմեն, մենք այդ արձանը կտեղափոխենք: Հեղինակային իրավունքները պատկանում են հորս, մենք կարող ենք պատասխանատվություն կրել, որ համաձայն ենք արձանը տեղափոխել մի քանի հարյուր մետր այն կողմ: Բայց չի կարելի այդպես վերաբերվել արվեստի ներկայացուցիչներին»:
ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է, ՍԱԿԱՅՆ ՏԱՆԻՔԻ ԹԻԹԵՂՈՎ
Տարիներ առաջ «Իրավունքի» հետ զրույցում հեղինակը` Դ. Բեջանյանը ասաց, որ քանդակը մեկ անգամ վերանորոգվել է. «Չգիտեմ Չարենցավանի քաղաքապետարանի՞, թե մարզպետարանի կողմից: Շնորհակալ եմ, բայց գողացված հատվածը վերանորոգվել է սովորական տանիքի թիթեղով, շուտով դա կքայքայվի: Ոչ մի երկրում տանիքի թիթեղով արձան գոյություն չունի: Կարծեմ այն հանրապետության ամենամեծ չափերով արձանն է: Շատ մեծ ջանքերով ենք այդ արձանը կառուցել ու տեղադրել, եւ այդքան հեշտ կորցնելը ցավ է պատճառում: Ես չեմ հիշում մի դեպք, որ բռնված լինի հուշարձան թալանող եւ պատիժ կրի: Օպերայի շենքն էլ է կառուցվել ԽՍՀՄ տարիներին, ինչո՞ւ այդ շենքին տիրություն անող կա, բայց չկա մի հիմնարկություն, որը տեր կկանգնի նման արձաններին, կոթողներին»:
Ի ԴԵՊ
Չարենցավանի ճանապարհին տեղադրված 20 մետր բարձրությամբ բրոնզաձույլ «Հավերժության ժապավեն» արձանը տեղադրվել է 1975 թվականին, որի պատվիրատուն, ԽՍՀՄ-ի օրոք, եղել է ճանապարհաշինարարության նախարարութունը, որն այսօր գոյություն չունի:
«ԼԵՌՆՑԻՆԵՐԻ ՊԱՐ» ԽՄԲԱՔԱՆԴԱԿԻ ԿԻՍԱՏ ՄՆԱՑԱԾ ՊԱՐԸ
Գրեթե երկու տարի առաջ էլ բարձրացվեց «Դվին» հյուրանոցի բակում տեղադրված ու ոչնչացման վտանգի առաջ կանգնած, քանդակագործ ՏԻԳՐԱՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ «Լեռնցիների պար» խմբաքանդակի հարցը: Թեման նույնիսկ դրվեց հանրային խորհրդի քննարկման, սակայն` ապարդյուն: Քննարկումից անցել է 2 տարի, բայց խմբաքանդակը շարունակում է մնալ կիսաթալանված վիճակում: Այստեղ կա միայն մեկ լուսավոր կետ. Ինչպես «Իրավունքին» տեղեկացրեց Տ. Արզումանյանը, «Լեռնցիների պարը» վերջին անգամ կիսաթալանված վիճակից հետո նույնն է` ոչ մի դետալ դեռ չի անհետացել. «Առայժմ
հյուրանոցի հարցը չի լուծվում, որ «Լեռնցիների պարի» մասով էլ դեռ ոչ մի հստակ բան չկա: Անընդհատ խոստումներ են հնչում, որ պիտի վերականգնեն, բայց դեռ ոչինչ չկա: Ասում են, որ պիտի ներդրում արվի, վերականգնման համար ֆինանսական հարցեր կան: Միայն կարող եմ ասել, որ այն ժամանակ ինչ թալանել են, այդպես մնացել է, որովհետեւ հիմա այնտեղ շինարարություն են անում, բայց չի կարելի այդպես թողնել»,- ասաց Տ. Արզումանյանն ու բացատրեց խմբաքանդակի իմաստը. «Սա միայն ազգագրական պար չէ, սա խորհրդանիշ է: Բնութագրում է ազգային էությունը,
իսկ այդ թվականներին դա շատ առաջադեմ բան էր, որ մեջն ըմբոստություն կա: Այդ ժամանակ անընդհատ ասում էին, թե ինչո՞ւ է բռունցք, ֆիդայական շարժո՞ւմ է, ի՞նչ է: Հետո, երբ հանձնաժողով էր գալիս, թաշկինակ էի դնում ձեռքի մեջ, որ նման բաներ չխոսեին: Խմբաքանդակի պաշտոնական բացում էլ չի եղել, ուղղակի այդ ժամանակվա կառավարությունը, որպես լավ քանդակ, աչք փակեց, որ դրա շուրջ շատ քննարկումներ չլինեն: Եթե հիշում եք` այդ տարիներին ազգային վերածնունդ էր սկսվում, 1965 թվականից հետո արդեն նոր սկսում էին խոսել ազգային բաների մասին»:
«Դա իմ ստեղծագործությունն է, 1973 թվականին դա փոքր տարբերակով ցուցադրել եմ հանրապետական ցուցահանդեսում: Այն հավանություն գտավ, քանդակագործների ու արվեստասեր հասարակության շրջանակներում այդ տարիներին նոր նախագծվում էր «Դվին» հյուրանոցը, որի ճարտարապետ-հեղինակների կողմից առաջարկություն եղավ, որ այն տեղադրվի հենց հյուրանոցի շրջակայքում: Հետո քաղաքապետարանի կողմից պատվեր ստացվեց ու 1984 թվականից դրվեց արձանը: Հյուրանոցը ավելի շուտ բացվեց, քան արձանը կտեղադրվեր, որովհետեւ հյուրանոցի համար հեղինակները պետական մրցանակ ստացան»,- ասաց հեղինակը:
Ի ԴԵՊ
«Լեռնցիների պար» խմբաքանդակը «Դվին» հյուրանոցի բակում տեղադրվել է խորհրդային տարիներին` 1984 թվականին, մեծ դժվարությամբ: Նախատեսված է եղել, որ սկզբում պետք է լիներ բրոնզից, բայց հետո թույլատրեցին, որ լինի պղնձից: Մինչ այդ նման խմբաքանդակ Հայաստանում չէր թույլատրվում տեղադրել: Այն առաջին մեծ քանդակն էր, որ այդ տարիներին դրվեց, եւ դարձել էր Երեւանի այցեքարտը: 90-ական թվականներին, երբ հյուրանոցը սեփականաշնորհվեց, այն պետք է տեղափոխվեր, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ:
ԱՐՁԱԳԱՆՔ` «ԱՐՁԱԳԱՆՔ» ՔԱՆԴԱԿԻ ՇՈՒՐՋ
Վերադառնանք օրերս աղմուկ հանած Երեւան-Սեւան ճանապարհին գտնվող քանդակագործ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» բրոնզե քանդակին, որից այժմ հուշեր են մնացել: Այն մայրուղում տեղադրվել է 1980 թվականին:
«Իրավունքն» այս թեմայի շուրջ դիմել էր ՀՀ մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ ԱՐՄԵՆ ԱԲՐՈՅԱՆԻՆ, եւ ստացել հետեւյալ պատասխանը. «ՀՀ Կոտայքի մարզի Նուռնուսի գյուղական համայնքի վարչական սահմաններում` Երեւան-Սեւան մայրուղու վրա գտնվող Խ. Հակոբյանի «Արձագանք» արձանը (հեղինակ` Խ. Հակոբյան, 1980 թ.) ընդգրկված չէ ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ Կոտայքի մարզի պատմության եւ
մշակույթի անշարժ հուշարձանների պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, իսկ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտին նորահայտ հուշարձանի կարգավիճակ կարող է տրվել այն արժեւորելու վերաբերյալ ուսումնասիրման եւ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` նախարարության փորձագիտական հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում, որից հետո միայն պետական լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով կիրականացվի դրա պահպանությունը: Մինչ այդ, արձանի պահպանության հետ կապված գործառույթները պետք է իրականցնի Նուռնուսի համայքը` ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:
ՀՀ մշակույթի նախարարությունը դատապարտում է արձանի նկատմամբ կատարված անօրինականությունը եւ հնարավորության սահմանում կաջակցի այն վնասած անձանց հայտնաբերման նպատակով անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման գործընթացին: Նախարարությունն արդեն իսկ դիմել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազություն` մեղավորներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար»:
Ներկայացրեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

