ԵՏՄ-Ն ԿՍԿՍԻ ՀՐԱՊՈՒՐԵԼ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ԵՏՄ-Ն ԿՍԿՍԻ ՀՐԱՊՈՒՐԵԼ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ
Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը նկատելիորեն մեծացնում է մեր երկրի տնտեսական գրավչությունը: Այս մասին, իհարկե, շատ է խոսվել: Բայց ահա "Ինվեստ Արմենիա" ներդրումային ծրագրի նախաձեռնող, BPA նախագահ ՎՐՈՒՅՐ ՓԵՆՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում ներկայացրեց այն քայլերը, որոնք նախաձեռնվել են այդ խոսակցություններին գործնական տեսք տալու համար: Չնայածª միայն դա չէ նշված նախաձեռնության նպատակը.-Ներդրումային այս նախաձեռնության ընդհանուր նպատակն է` Հայաստանում ներդրումային ու բիզնես միջավայրի բարելավումը: Ծրագիրը կրելու է ամենամյա բնույթ եւ տարեկան կտրվածքով նախատեսում է երկու հիմնական միջոցառումª միջազգային բիզնես-ֆորում, ապաª բիզնես-էքսպո:
Աշնանըª սեպտեմբերի վերջերին կայանալիք բիզնես-էքսպո ցուցահանդեսին նախատեսվում է, որ բացի կայացած, հաջողությունների հասած ընկերություններից մասնակցեն նաեւ այն տնտեսվարողները, որոնց ընկերությունները ինչ-ինչ պատճառներով կանգնած են, որոնք պատրաստ են իրենց ընկերություններն ամբողջությամբ կամ մասամբ վաճառել: Այս միջոցառման առանձնահատկությունն այն է, որ մեր տեղական կամ դրսի գործարարը իր արտադրանքը ներկայացնելուց զատª ծանոթանա նաեւ Հայաստանի ներդրումային դաշտին, իսկ մյուս կողմից էլª համեմատաբար թույլ բիզնեսներն այդ կերպ նոր ներդրումներ ստանալու, դրա հաշվին գործունեությունն ակտիվացնելու հնարավորություն կստանան: Երրորդ առանձնահատկությունն էլ այն է, որ նախատեսում ենք բիզնես-էքսպոյին հրավիրել, ներգրավել նաեւ միջազգային առեւտրային ցանցերի ներկայացուցիչներին, առանձնացված տաղավար տրամադրել, որ հայ գործարարը կարողանա տեղում անձամբ ներկայացնի իր արտադրանքըª այն հետագայում միջազգային առեւտրային ցանցեր ներգրավելու ակնկալիքով:
Իհարկեª արդեն ունենք նախնական մի շարք համաձայնություններ: Սակայն պոտենցիալ մասնակիցների ցանկը դեռ շարունակում է ընդլայնվել, ուստիեւ դեռ վաղ է մասնակիցների վերջնական ցուցակներ ներկայացնել: Չնայածª արդեն իսկ կարելի է նշել, որ այս տարվա բիզնես-էքսպոյին իրենց մասնակցությունը հաստատել են Հայաստանում գործող բոլոր օտարերկրյա առեւտրաարդյունաբերական պալատներըª հայ-գերմանական, հայ-ֆրանսիական եւ այլն: Սա շատ կարեւոր գործոն է, հաշվի առնելով, որ, օրինակ, ֆրանսիացի գործարարն այցելելով այդ միջոցառմանն ու միաժամանակ տեսնելով, որ կա հայ-ֆրանսիական գործարար ակումբ, եւ այն ներկայացնում է հաջողությամբ գործող ընկերությունների ցանկ, սա եւս հավելյալ խթան կարող է հանդիսանալ, որ տվյալ ֆրանսիացի գործարարը եւս իր գործունեությունն այստեղ ծավալի:
Իսկ մինչ այդ, արդեն մայիսի սկզբներին նախատեսել ենք բիզնես-ֆորումը: Այս առումով նախ ընդգծեմ, որ "Ինվեստ Արմենիա" ներդրումային ծրագրն ունի միջպետական բնույթ, դրա աջակիցների թվում են Երեւանի քաղաքապետարանը, ՀՀ էկոնոմիկայի, սփյուռքի, գյուղատնտեսության նախարարությունները, Գործարարների ու արդյունաբերողների միությունը եւ այլն: Այսինքնª բիզնես-ֆորումը ներկայացնելու է նաեւ նշված ոլորտներում լավագույն ներդրումային հնարավորությունները, բացառիկ ներդրումային առաջարկներով է հանդես գալու նաեւ Երեւանի քաղաքապետարանը: Իսկ դա նշանակում է, որ ոչ միայն ներկայացվում են պետական նշանակություն ունեցող ներդրումային ծրագրեր, այլեւ նույն պետական կառույցների եւ հատկապեսª Սփյուռքի նախարարության աջակցությամբ արդեն իսկ ունենք 22 երկրներից մոտ 100 սփյուռքահայ գործարարների մասնակցության պայմանավորվածություններ: Չնայածª մեր աշխատանքներն ուղղված են նաեւ նրան, որ առավելագույնս ապահովենք ոչ միայն սփյուռքահայերի, այլեւ օտարերկրյա ոչ հայկական ծագում ունեցող գործարարների մասնակցությունը: Ուստիեւª նախքան միջոցառումը` այցեր ենք կազմակերպում տարբեր երկրներ, հանդիպումներ ունենում գործարար շրջանակների հետ, ներկայացնում ծրագրերը:
- Նախնական պատկերացումներ ունե՞ք, թե ինչ կարգի արդյունքներ կարող են լինել:
- Իհարկեª արդյունքների մասին դեռ վաղ է խոսել, առավելեւս, որ ինչպես նշեցի, սրանք ոչ թե միանգամյա միջոցառումներ են, այլª ամենամյա: Բայց հասկանալի է, ամենի ինչ անում ենք, որ արդյունքներն ի սկզբանե էլ լինեն շոշափելի, տեսանելի, քանզի պարզ է, որ հենց դա ծրագրի շարունակականության լավագույն երաշխիքը կարող է լինել: Ամեն դեպքում աշխատում ենք այն սկզբունքով, որ ցանկացած այցելու կարողանա ստանալ իրեն հուզող յուրաքանչյուր հարցի պատասխանը, այդ թվումª մեր ներքին օրենսդրության, բիզնեսի իրականացման պայմանների մասին, իրավաբանական բնույթի եւ այլն: Այսինքն, որ ցանկացած գործարար կարողանա միանգամից հստակ պատկերացում կազմել Հայաստանում բիզնես ծավալելու բոլոր պայմանների մասին:
- Այնուամենայնիվª տարիների ընթացքում տարբեր էքսպոներ, բիզնես-ֆորումներ Հայաստանում շատ են եղել: Եվ հանրագումարումª ունենք այն, ինչ ունենք: Ինչո՞ւ եք կարծում, որ այս մեկը կհաջողվի, ո՞րն է դրա առանձնահատկությունը:
- Կարծում եմ, որ այս կարգի մասշտաբային նախաձեռնություն դեռ չի եղել: Իսկ առանձնահատկություններից մի քանիսն արդեն ներկայացրի: Եվ, ամենակարեւորըª շեշտը դրված է ոչ թե տեսական, այլª գործնական առաջարկների վրա, եւ դա է, որ կարծում ենք, իր էֆեկտը կունենա: Առավել եւս, որ բացի հայաստանյանից, ներկայացնելու ենք նաեւ Ղարաբաղի տնտեսական, ներդրումային ներուժը:
- Իսկ ի՞նչ նախնական ներդրումային առաջարկներ ունեն հիշատակված պետական կառույցները:
- Այս հարցով փակագծերը բացելը դեռ մի փոքր վաղ է, հաշվի առնելով, որ շատ ծրագրեր դեռ գտնվում են քննարկումների փուլում:
Ի դեպ, ընդգծեմ նաեւ, որ մեր բիզնես-ֆորումի առանձնահատուկ դրվագներից է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից առաջ եկած տնտեսական հեռանկարները, մասնավորապես օտարերկրյա գործարարներին ներկայացնելը` այն առավելությունները, որոնք նրանք կունենան նաեւ Եվրասիական մեծ շուկայում, եթե իրենց գործունեությունը ծավալեն Հայաստանում: Որ նրանք, բացի հայաստանյան որակյալ աշխատուժից ու տնտեսական պոտենցիալից, օգտվելու են նաեւ եվրասիական ողջ մեծ շուկայից: Ի դեպ, սա եւս մեր այս ծրագրի առավելություններից է` նախորդների համեմատ. առաջներում Հայաստանն իր պոտենցիալ ներդրողներին առաջարկում էր հիմնականում իր ներքին, փոքր շուկան, եւ ներկայումս Եվրասիական միության հաշվին շուկայի մասով մեր առաջարկները որակապես այլ հարթությունում են:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

