«ՄԵԿ ՕՐՈՒՄ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ»
Արխիվ 12-16«ՄԵԿ ՕՐՈՒՄ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ»
Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերջապես կողմնորոշվեց, որ ընդդիմություն է, սակայն բոլորովին այլ թիմով, քանի որ վերոնշյալ քաղաքական ուժից դուրս եկան նաեւ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ փոխնախագահ Վարդան Օսկանյանը եւ այլք: Իսկ նորընտիր ընդդիմադիր դարձած ԲՀԿ-ի ղեկը հանձնվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին: ԲՀԿ համագումարից ժամեր անց երեկ տեղի ունեցավ նաեւ ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որի ընթացքում հանրապետականները քննարկեցին արտահերթ նիստի արդյունքները Ազգային ժողովում եւ Եվրոպայի ժողովրդական կուսակցության կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձեւի ընդունման կարեւորությունը:
Այնուամենայնիվ, ԳՄ նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ պատասխանեց նաեւ ԲՀԿ-ին վերաբերող հարցերին:
«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ»
- Պարոն Շարմազանով, ի՞նչ կասեք այն մասին, որ ՀՀ նախագահի հայտնի ելույթից հետո ընդամենը 20 օր անց ԲՀԿ նախագահը հեռացավ քաղաքականությունից:
- Ես ընթերցել եմ պարոն Ծառուկյանի ելույթը, նա այնտեղ հստակ նշել է պատճառները, թե ինչու է դուրս գալիս ակտիվ քաղաքականությունից: Եվ մենք հարգանքով ենք վերաբերվում այդ որոշմանը: Դա իր անձնական որոշումն է, այսօր ես որեւէ ավելացնելու բան չունեմ:
- ԲՀԿ նորընտիր ընդդիմադիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի առաջիկա քառօրյային նոր գործընթացներ են սկսվելու...
- Քաղաքական կյանքում արդեն 20 օր է, ինչ նոր քաղաքական գործընթացներ են ձեւավորվում, եւ սա նորություն չէ: Պարզապես, այսօր արձանագրվեց այն, ինչի մասին նաեւ դուք ձեր վերլուծական հոդվածներում գրում եք, եւ առանձին քաղաքական գործիչներ իրենց հարցազրույցներում ասում են: Իմ խորին համոզմամբ` ճիշտը այն է, որ քաղաքական դաշտում հստակ տարբերակում լինի` իշխանություն եւ ընդդիմություն: Այլընտրանք տերմինը կոնկրետ ինձ համար անհասկանալի է, որովհետեւ քաղաքագիտական գրականության, քաղաքականության մեջ այլընտրանքներ չեն լինում: Հիմա, թե «Բարգավաճ Հայաստանն» ինչպիսի մարտավարություն կամ ռազմավարություն է որդեգրում, դա այդ կուսակցության եւ ցանկացած կուսակցության որոշելու հարցն է: Իրենք հավաքվել են, արտահերթ համագումար են արել, որոշել են, որ պետք է լինեն ընդդիմադիր դաշտում, այստեղ մենք որեւէ միջամտելու խնդիր չունենք: Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր այն քաղաքական ուժերի հետ` լինեն ընդդիմադիր դաշտում, խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս, ովքեր կառուցողական են, ովքեր ծրագրային են, ովքեր ունեն ասելիք, եւ ովքեր ցանկանում են ոչ միայն քննադատել, այլեւ առաջարկություններ ներկայացնել: Եվ այդ իմաստով այն կարծիքին եմ, որ մեկ օրում ինստիտուցիոնալ ընդդիմություն չեն դառնում: Այնպես որ, կապրենք կտեսնենք, պարզապես պետք է ճշգրտում մտցնել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մի կուսակցություն էր` իր նախկին առաջնորդով եւ նախկին գործիչներով, որոնք լքել են այդ կուսակցությունը, եւ այլ կուսակցություն է` այլ կարգավիճակով, իր նոր նախագահով, նոր գործիչներով, նոր դերակատարներով, նոր ասելիքով:
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԶԱՏ, ԲԱՑ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ
ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՆՔ»
- Ի դեպ, ԲՀԿ-ն լքած նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը ժամանակին մեղադրում էր Հանրապետականներին, թե միակուսակցական համակարգ են ցանկանում ստեղծել:
– Ամենահեշտ գործը քո ձախողումների մեջ դիմացինին մեղադրելն է: Նախեւառաջ ցանկացած ձախողման մեջ պետք է փնտրել քո մեղքը: Եվ երկրորդ` ձեզ հռետորական հարց եմ տալիս` հնարավո՞ր է 24 ժամվա մեջ կայացած, լուրջ, գաղափարական քաղաքական կուսակցությունը 180 աստիճանով իր դիրքորոշումը փոխի: Մենք այսօր էլ հայտարարում ենք, որ Հայաստանում ազատ, բաց մրցակցության, բացառապես հրապարակային քաղաքական պայքարի կողմնակից ենք: Մենք գտնում ենք, որ Հայաստանում քաղաքական գործընթացները պետք է գնան քաղաքական ուղիով, եւ պատրաստ ենք ցանկացած ընդդիմադիր կուսակցության, ցանկացած ընդդիմադիր գործչի հետ նստել եւ դեբատների միջոցով ճշտել` ով է ճիշտ, ով` սխալ: Շատ հեշտ է ամեն ինչում մեղադրել Հանրապետականին: ՀՀԿ-ն բազում թերություններ ունի, բայց իրենց անձնական ձախողումների մեջ թող Հանրապետականին չմեղադրեն:
-Իսկ ի՞նչ կասեք Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մասին, ով նույնպես լքեց ԲՀԿ-ն: Հաշվի առնելով նրա կենսագրությունը` հնարավո՞ր է, որ համալրի ՀՀԿ-ի շարքերը:
– Սամվել Բալասանյանը Ազգային ժողովի նախկին փոխխոսնակն էր, իմ գործընկերը, եւ ես կոռեկտ չեմ համարում պարոն Բալասանյանի ապագա ծրագրերի վերաբերյալ դատողություններ անել:
– Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, ի վիճակի՞ է ԲՀԿ-ն` որպես ընդդիմադիր ուժ, այսօր որեւէ լուրջ դերակատարություն ունենալ քաղաքական դաշտում:
– Այս տեսքով այդ կուսակցությունը ընդամենը մի քանի ժամ է, կոռեկտ չի լինի այս պահին խոսել այդ մասին: Բայց իմացեք, որ իմ կուսակցությունը որեւէ մեկի հետ ո՛չ նախկինում, ո՛չ հիմա անձնական հաշիվներ չունի: Մենք անձնական խնդիրներ չունենք մեր պայքարը բոլոր ժամանակներում եղել է բացառապես երեւույթների դեմ: Եվ մենք քննադատում ենք մարդու ասելիքը, մարդու գործը, եւ, կարծում եմ, որ ընդդիմությունն էլ այդպես պետք է վարվի: Մենք բանավեճի առարկա պետք է դարձնենք գաղափարը, ծրագրերը, իսկ թե ԲՀԿ-ն ինչ կդառնա, ժամանակը ցույց կտա: Կարող ենք միայն մի բան փաստել, որ այսօր ընդդիմադիր դաշտում շատ ավելի օրակարգային հարց է ներքին պայքարը տարբեր ընդդիմադիր թեւերի միջեւ, որովհետեւ այսօրվանից իրենց մոտ սկսվում է նախապատրաստությունը 2017 թվականի պառլամենտական ընտրություններին:
– Իսկ ՀՀԿ-ն...
– Մենք բավականին լուրջ պատասխանատվություն ունենք, եւ մեր խնդիրն է մեր ծրագրերն իրականացնելը:
– Ամեն դեպքում, խորհրդարանում մի նոր ընդդիմադիր խմբակցություն հայտնվեց, այս իրավիճակում ՀՀԿ-ն չի՞ պատրաստվում իրեն կոալիցիոն գործընկեր գտնել:
– Այս պահին ՀՀԿ-ն կոալիցիա կազմելու հարց չի քննարկել, թե ինչ կլինի մեկ, երկու, երեք շաբաթ հետո կամ մի ամիս հետո, չեմ կարող ասել: Այս պահին մենք կոալիցիա կազմելու հնարավորություն չենք քննարկել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

