"ՀԼԱ ՄԻ ՐՈՊԵ, ԷԴ ԴԱՇՏՆ Ի՞ՆՉ ԵՂԱՎ, Ի՞ՆՉ ՉԵՂԱՎ"
Արխիվ 12-16"ՀԼԱ ՄԻ ՐՈՊԵ,
ԷԴ ԴԱՇՏՆ Ի՞ՆՉ ԵՂԱՎ, Ի՞ՆՉ ՉԵՂԱՎ"
ԲՀԿ պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՑ "Իրավունքը" հետաքրքրվեց` արդյոք համամի՞տ է իր գործընկերոջ` Վահան Բաբայանի հետ, ով հայտարարել է, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` "Սրտիս պարտքը" հոդվածից հետո ՀԱԿ-ին ԲՀԿ-ի գործընկերը չի համարում: "Կյանքը ցույց կտա",- պատասխանեց Մելքումյանը:
–Դուք ցանկություն ունե՞ք, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը շարունակվի:
– ԲՀԿ-ն կարող է համագործակցել այն ուժերի հետ, որոնք կիսում են իր գաղափարները, դրույթները: Բայց դա չի նշանակում, որ ուժը պարտադրված կամ գերի է լինելու այդ ձեւաչափում:
– Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի "Սրտիս պա՞րտքը"…
– Դե լա՛վ էլի՜: Ես ո՛չ մեկնաբանում եմ, ո՛չ էլ կարդացել եմ այդ հոդվածը:
– Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ հոդվածը չե՞ք համարում դավաճանություն:
– Որ չեմ կարդացել, ո՞նց ասեմ:
– ՀԱԿ առաջնորդը մարտի 1-ին հայտարարեց, որ ընդդիմադիր դաշտում միայն ՀԱԿ-ն է ընդդիմադիր:
– Հլա մի րոպե: Հասկանանք` ինչ է կատարվում, էդ դաշտն ի՞նչ եղավ, ի՞նչ չեղավ: Շատ շուտ է, դեռ ժամանակ է պետք:
– "Ժառանգություն" կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է`"եռյակ" գոյություն չունի: Ընդունո՞ւմ եք այդ տեսակետը, եւ "Ժառանգության" հետ համագործակցությունն ինչպե՞ս եք պատկերացնում:
– Մեր քաղաքական գիծը որոշելուց հետո բոլոր հարցերը պատասխան կստանան:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

