ԲՀԿ պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՑ "Իրավունքը" հետաքրքրվեց` արդյոք համամի՞տ է իր գործընկերոջ` Վահան Բաբայանի հետ, ով հայտարարել է, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` "Սրտիս պարտքը" հոդվածից հետո ՀԱԿ-ին ԲՀԿ-ի գործընկերը չի համարում: "Կյանքը ցույց կտա",- պատասխանեց Մելքումյանը: –Դուք ցանկություն ունե՞ք, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը շարունակվի: – ԲՀԿ-ն կարող է համագործակցել այն ուժերի հետ, որոնք կիսում են իր գաղափարները, դրույթները: Բայց դա չի նշանակում, որ ուժը պարտադրված կամ գերի է լինելու այդ ձեւաչափում:
– Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի "Սրտիս պա՞րտքը"… – Դե լա՛վ էլի՜: Ես ո՛չ մեկնաբանում եմ, ո՛չ էլ կարդացել եմ այդ հոդվածը: – Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ հոդվածը չե՞ք համարում դավաճանություն: – Որ չեմ կարդացել, ո՞նց ասեմ: – ՀԱԿ առաջնորդը մարտի 1-ին հայտարարեց, որ ընդդիմադիր դաշտում միայն ՀԱԿ-ն է ընդդիմադիր: – Հլա մի րոպե: Հասկանանք` ինչ է կատարվում, էդ դաշտն ի՞նչ եղավ, ի՞նչ չեղավ: Շատ շուտ է, դեռ ժամանակ է պետք: – "Ժառանգություն" կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է`"եռյակ" գոյություն չունի: Ընդունո՞ւմ եք այդ տեսակետը, եւ "Ժառանգության" հետ համագործակցությունն ինչպե՞ս եք պատկերացնում: – Մեր քաղաքական գիծը որոշելուց հետո բոլոր հարցերը պատասխան կստանան: