Թեպետ "Շրջանառության հարկի մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին" եւ դրան կից օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ փետրվարի 4-ի արտահերթ նիստում ընդունվել է առաջին ընթերցման ընթացակարգով, սակայն այս օրենքում որոշ հարցեր շարունակում են վիճելի մնալ: Մասնավորապես օպոզիցիայի կողմից հնչում են կարծիքներ, որ սա տանում է արտահանման մոնոպոլիզացիայի:
Երեկ` ՀՀ կառավարության նիստից հետո, լրագրողներիս հետ ճեպազրույցում վերոնշյալ խնդրին անդրադարձավ նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ. "Մեզ մոտ կայացած չեն մասնագիտացված արտահանող կամ ներմուծող ընկերությունները, այսինքն` առեւտրային ընկերությունների ինստիտուտը, որը զբաղվում է Հայաստանում արտադրվող ապրանքների առեւտրով, արտահանմամբ, ներկայացմամբ: Նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ կային կառույցներ, որոնք մասնագիտացված զբաղվում էին արտադրանքի պահեստավորմամբ, արտահանմամբ , ներմուծմամբ: Այսինքն` միջնորդ այն կառույցը, որի հետ մեր արտադրողը պետք է իր եկամտի որոշակի փոքր մասից հրաժարվի, արվում է նրա համար, որ իր ապրանքն ավելի մեծ շրջանառություն, ավելի մեծ իրացում ունենա: Այնպես որ, կոնցեպտուալ, գաղափարական առումով նախաձեռնությունը շատ լավն է եւ հետագային միտված": Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների մտահոգություններին` Կ. Ճշմարիտյանը հավելեց. "Կարծում եմ, որ մեր պատգամավորների մի մասը, որոնք ամբողջությամբ չեն ընկալում խնդիրը եւ ընդհանրապես այդ ինստիտուտի կայացումը, իրենց մոտ կա կամ մեկնաբանությունների պակաս, կամ այդ ինստիտուտի կայացման նկատմամբ որոշակի անհավատություն: Չգիտեմ, ինչ-որ պահ կա, որը դրդում է այլ կարծիքներ արտահայտել, բայց ընդհանուր առմամբ այդ ինստիտուտը պետք է կայացվի":