ՌԴ-ՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԹՈՒՅԼ ՏՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՆՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 3 ՄԻԼԻՈՆԻ
Արխիվ 12-16ՌԴ-ՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԹՈՒՅԼ ՏՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՆՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 3 ՄԻԼԻՈՆԻ
Մեծ թվով հայ աշխատանքային միգրանտների հարցը, որոնց մուտքը ՌԴ անժամկետ արգելվել է, շարունակում է մնալ օդից կախված: Թե ինչո՞ւ վերջիններս հայտնվեցին այս իրավիճակում եւ ի՞նչ ելք կարող են գտնել, երեկ ՀՀ կառավարության նիստից հետո փորձեցինք պարզել ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությանն առընթեր Միգրացիոն գործակալության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻՑ, ով նշեց.
- Նախ ասեմ, որ սա «դեպորտին» չի վերաբերում, քանի որ «դեպորտն» այն է, երբ անձը գտնվում է օտարերկրյա պետության տարածքում, այնտեղ վարչական վարույթ են սկսում եւ արդյունքում արտաքսում են: Վերոնշյալ հարցը վերաբերում է ավելի շուտ այն անձանց, որոնք առանց «դեպորտի» եկել են Հայաստան, այնուհետեւ փորձել են կրկին վերադառնալ Ռուսաստան, եւ մուտքն արգելվել է: Այսինքն` դա մուտքի արգելանք է, որը դրվել է Ռուսաստանի օրենսդրության պահանջները խախտելու պատճառով: Բոլորս էլ երեւի տեղյակ ենք, որ վերջին երկու տարվա ընթացքում ե՛ւ օրենսդրությունը, ե՛ւ պրակտիկան Ռուսաստանում անընդհատ խստացվել է: Յուրաքանչյուր պետութուն իր օրենսդրությունը ծառայեցնում է իր ներքին խնդիրների լուծման համար, այս ճանապարհով նաեւ նրանք փորձում են պայքարել անկանոն միգրացիայի դեմ:
- Մասնավորապես ի՞նչ խախտումների մասին է խոսքը:
- Դրանք երկու տեսակի են. առաջինը միգրացիոն օրենսդրության պահանջների խախտումն է: Օրինակ, նախատեսված է, որ անձը պետք է նախկինում 7 օրվա, ներկայումս` 30 օրվա ընթացքում հաշվառման կանգնի եւ այդ մասին տեղեկացնի համապատասխան ծառայություններին: Եվ երկրորդն այն խախտումներն են, ինչպիսին, օրինակ, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումն է: Անկախ այն հանգամանքից` անձը տուգանքը վճարել է, թե չի վճարել, եթե այդպիսի մի խախտում կա Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում, ապա դա հիմք է` մուտքը հետագայում արգելելու համար:
- Կոնկրետ միտում չե՞ք տեսնում:
- Սա ուղղված չէ Հայաստանի քաղաքացիների դեմ: Բայց անգամ հունվարին ուժի մեջ մտած նրանց օրենքի համաձայն, եթե երկար ժամակով անձը` առանց իրավունքի, բնակվել է Ռուսաստանում, ապա մինչեւ 10 տարի նրա մուտքը կարող է արգելվել: Ի դեպ, նմանատիպ խախտումներ թույլ տված օտարերկրացիների թիվը, ըստ ռուսական աղբյուրների, կազմում է ավելի քան 3 միլիոն, որոնց թվում կան նաեւ Հայաստանի քաղաքացիներ:
- Իսկ նման իրավիճակում հայտնված հայաստանյան քաղաքացիները ի՞նչ կարող են անել:
- Ընդհանրապես, անձը, եթե որեւիցե մի երկրում խախտում է այդ երկրի օրենսդությունը, պետք է փորձի այդ խախտման իրավաչափ լինելը վիճարկել այդ երկրի դատական ատյաններում: Սա է ընդհանուր սկզբունքը: Այս դեպքում այդ բարդ, քիչ հեռանկար ունեցող ուղղության փոխարեն, Ռուսաստանի մեր գործընկերները հնարավորություն են տալիս ընդամենը դիմում գրել իրենց, եւ դիմումի հիման վրա նրանք պատրաստակամություն են հայտնել կրկին վերանայել անձի արգելանքը ՌԴ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

