ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՆՀԱՎԱՏ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՆՀԱՎԱՏ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Թեպետ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ փետրվարի 4-ի արտահերթ նիստում ընդունվել է առաջին ընթերցման ընթացակարգով, սակայն այս օրենքում որոշ հարցեր շարունակում են վիճելի մնալ: Մասնավորապես օպոզիցիայի կողմից հնչում են կարծիքներ, որ սա տանում է արտահանման մոնոպոլիզացիայի: Այսօր` ՀՀ կառավարության նիստից հետո, լրագրողներիս հետ ճեպազրույցում վերոնշյալ խնդիրն անդրադարձավ նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ. «Մեզ մոտ կայացած չէ մասնագիտացված արտահանող կամ ներմուծող ընկերությունները, այսինքն` առեւտրային ընկերությունների ինստիտուտը, որը զբաղվում է Հայաստանում արտադրվող ապրանքների առեւտրով, արտահանմամբ, ներկայացմամբ: Նույնիսկ խորհրդային միության ժամանակ կային կառույցներ, որոնք մասնագիտացված զբաղվում էին արտադրանքի պահեստավորմամբ, արտահանմամբ , ներմուծմամբ: Այսինքն` միջնորդ այն կառույցը, որի հետ մեր արտադրողը պետք է իր եկամտի որոշակի փոքր մասից հրաժարվի, արվում է նրա համար, որ իր ապրանքը ավելի մեծ շրջանառություն, ավելի մեծ իրացում ունենա: Այնպես որ, կոնցեպտուալ, գաղափարական առումով նախաձեռնությունը շատ լավն է եւ հետագային միտված»: Անդրադառնալով ընդդիմադիր պատգամորների մտահոգություններին` Կ. Ճշմարիտյանը հավելեց. «Կարծում եմ, որ մեր պատգամավորներից մի մասը, որոնք ամբողջությամբ չեն ընկալում խնդիրը եւ ընդհանրապես այդ ինստիտուտի կայացումը, իրենց մոտ կա կամ մեկնաբանությունների պակաս, կամ որոշակի այդ ինստիտուտի կայացման նկատմամբ անհավատություն: Չգիտեմ ինչ-որ պահ կա, որը դրդում է այլ կարծիքներ արտահայտել, բայց ընդհանուր առմամբ այդ ինստիտուտը պետք է կայացվի»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

