«ԿՌՈՒՆԿԸ` ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՍԵՄ ԹՌԻՉՔԻ ԱՅԴ ՍԻՄՎՈԼԸ, ՊԱՐԶԱՊԵՍ ԿԽԵՂԴՎԻ ԱՅՍ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ» (Պրեմիերա)
Արխիվ 12-16«ԿՌՈՒՆԿԸ` ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՍԵՄ ԹՌԻՉՔԻ ԱՅԴ ՍԻՄՎՈԼԸ, ՊԱՐԶԱՊԵՍ ԿԽԵՂԴՎԻ ԱՅՍ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ» (Պրեմիերա)
«Գնահատեք իմ նոր տեսահոլովակը, որի վրա աշխատել ենք ավելի քան մեկ տարի... Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում շնորհիվ այս մտահղացումը դարձավ իրականություն: Վերջապես եկավ այն պահը, երբ կարող եմ կիսել ձեզ հետ իմ ուրախությունը», - այսպիսի մեկնաբանությամբ օրերս երգչուհի ԱԼԻՆԱ ԵՆԳՈՅԱՆԸ ներկայացրեց իր նոր երգի տեսահոլովակը, որը Lazzaro-ի եւ ԱՅԴԻՆ ԴԱՎՈՒԴԻԻ հետ համատեղ աշխատանքի արդյունք է: Տաղանդավոր «եռյակը»
նոր շունչ է հաղորդել Կոմիտասի «Կռունկ» երգին, իսկ ռեժիսոր ՍԵՐԺ ԳԱԲՅԱՆԸ ստեղծել է ժամանակաշրջանին համահունչ տեսահոլավակ: Ինչի մասին առավել պատկերավոր ներկայացրել է տեսահոլովակի հերոս, ճանաչված մոդել ՎԱՐԴԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ. «Մարդկային հասարակությունն ինչպես ողջ աշխարհում այնպես էլ մեր հայրենիքում, հասել է արժեքների խեղաթյուրման բարձրակետին, մարդիկ իրար հանդեպ
ագրեսիվ են եւ անհանդուրժող, հեռանում են հոգեւոր կարիքներից` մխրճվելով նյութականի դաժան պայքարի ոլորտը, որտեղ մարդը մարդուն դառնում է թշնամի ու կռունկը` ազատության եւ վսեմ թռիչքի այդ սիմվոլը, պարզապես կխեղդվի այս միջավայրում: Այսօր մենք կարծես թե քաղաքակրթված ենք, սակայն մեր հասարակության մեջ դեռեւս իշխում է հնագույն Անուբիսի պաշտամունքը` կեսը մարդ եւ բորենի, որն ուղեկցում է մարդկանց դեպի ստորգետնյա աշխարհ: Այսօր աշխարհի բոլոր իշխանությունները եւս ցանկանում են չնչին նյութական
շահագրգռությամբ պահել հասարակությանը Անուբիսի վախի մեջ եւ հրճվում են իրենց անպատժելիությունից: Սակայն մարդկությունը ստեղծում է նաեւ իր հերոսներին, որոնք մարտնչում են հանուն արդարության, ազատության եւ բարության, որոնք իրենց պայքարը տանում են մինչև վերջ` անտեսելով սեփական շահը»:
Հավելենք, որ Վ. Մնացականյանը տեսահոլովակում շրջում է կարված բերանով, բայց նրա լռությունը կարծես աղաղակում է մեր օրերի դառն իրականության մասին, ինչն արտացոլված է տեսահոլովակում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

