ԿՈՂՈՊՏՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՆ ԱՂԱՂԱԿՈՒՄ ԵՆ
Արխիվ 12-16ԿՈՂՈՊՏՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՆ ԱՂԱՂԱԿՈՒՄ ԵՆ
Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանները, քանդակներն ու կոթողները միշտ էլ անուշադրության են մատնված, որոնք հասարակական հնչեղություն են ստանում միայն բարբարոսների կողմից թալանվելուց ու անհետացման վտանգի առաջ կանգնելուց հետո: Սակայն դա էլ գործին ոչնչով չի նպաստում` աղմուկ բարձրացնելուց մի քանի օր անց թեման այլեւս մոռացվում է` դրանից, համենայնդեպս, վնասված արձանի կարգավիճակը չի փոխվում:Օրերս կրկին վանդալիզի հերթական դրսեւորման մասին մարդկանց փոխարեն սկսեցին ահազանգել հայտնի ֆոտոլրագրող Գերման Ավագյանի մի քանի լուսանկարները, որոնք վկայում են` Երեւան-Սեւան մայրուղու վրա գտնվող Խաչատուր Հակոբյանի "Արձագանք" բրոնզե քանդակը բարբարոսաբար ավերված է ու փշրված:
Ի դեպ, Երեւան-Սեւան մայրուղու վրա գտնվող քանդակագործ Դավիթ Բեջանյանի 1975 թվականին պատրաստված եւ տեղադրված, ճանապարհաշինարարներին նվիրված "Հավերժության ժապավեն" պղնձաձույլ հուշարձանը, որը հեղինակը նույնիսկ իր կենդանության օրոք չկարողացավ պաշտպանել հանցագործներից, կրկին շարունակում է մնալ կողոպտված մոնումենտալ հուշարձանների թվում:
Հեռու չգնանք, Երեւանի կենտրոնում գտնվող քանդակագործ Տիգրան Արզումանյանի "Լեռնցիների պար" խմբաքանդակը` "Դվին" հյուրանոցի բակում 1984 թվականին տեղադրված, քթներիս տակ օր օրի անհետանում է: Թեման իհարկե 2 տարի առաջ դրվեց հանրային քննարկման, բայց, անօգուտ` արձանը մաս-մաս անհետանում է մինչեւ այսօր:
Էլ չխոսենք Օպերայի տարածքում գտնվող մեծն լոռեցու` Հ. Թումանյանի արձանի մասին, որի կոտրված ու կողոպտված կողասալիկները վերանորոգվում են մի քանի ամիսը մեկ, ինչ է թե, "ամենայն հայոց թոռնիկները" իրենց սերը մեծն գրողի հանդեպ այդպես են արտահայտում: Անգամ իրենց սիրո դրսեւորումները թողնում են մակագրության տեսքով, սակայն ոչ թե Թումանյանի հանդեպ` այլ Սիրուշի կամ էլ` Վարդուշի: Չշեղվենք` այդ տարբերակը չարյաց փոքրագույնն է, քանի որ դրա վերականգնման համար տարբերակները բավականին հեշտ են, իսկ կողոպտված հուշարձանը վերականգնելը` անհնարին:
Պարզապես, հասարակության մեջ կա մի զանգված, որ հաճույք է ստանում այլանդակել արժեք ներկայացնող հուշակոթողներն ու հուշարձանները, իմանալով, որ անպատիժ կմնա: Եվ ինչպես լուսահոգի Դավիթ Բեջանյանն էր ասում. "Չեմ հիշում մի դեպք, որ բռնված լինի հուշարձան թալանող եւ պատիժ կրի":
Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

