ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԴՐԱԿԱՆՆ ՈՒ ԲԱՑԱՍԱԿԱՆԸ
Արխիվ 12-16ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԴՐԱԿԱՆՆ ՈՒ ԲԱՑԱՍԱԿԱՆԸ
Երեկ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկումների տեղիք տված "Շահութահարկի մասին օրենքում" փոփոխություններ կատարելու նախագիծը: Օրինագիծն ընդունվեց 68 կողմ, 11 դեմ եւ 23 ձեռնպահ ձայներով: Այս օրենքի ընդունման առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ բացի իշխող ուժիցª կողմ քվեարկողների մեջ էին նաեւ ոչ իշխանականներից "Հայ ազգային կոնգրեսի", "Ժառանգության" եւ "Օրինաց երկրի" ներկայացուցիչները: Օրենքի տնտեսական առանձնահատկությունն էլ այն է, որ լուրջ հարկային զիջումներ է նախատեսում Հայաստանից ապրանք արտահանողների համար. տարեկան 50 մլրդ դրամի արտահանող ընկերությունների համար շահութահարկը 20-ից կնվազի մինչեւ 2 տոկոս, իսկ 40 մլրդ դրամի ծավալով արտահանողներինըª մինչեւ 5 տոկոս:
Ինչեւէ, օրենքի դրական եւ հնարավոր բացասական կողմերի մասին փորձեցինք զրուցել Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:-ԱԺ նիստերի դահլիճում օրենքի հետ կապված տարբեր քննադատություններ հնչեցին: Մասնավորապես խոսվում էր, որ ընդունված փոփոխությունները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում, ի՞նչ կասեք այդ առումով:
- Ես չեմ կարծում, որ գործող "Շահութահարկի մասին" օրենքի փոփոխությունը մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը. ռիսկերը կան եւ մնում են այնպիսին, ինչպիսին եղել են մինչ այս փոփոխությունը:
- Ո՞րն էր օրենքի փոփոխության հիմնական նպատակն ու ընդունման հրատապության իմաստը, ինչը եւս բավականին քննադատությունների տեղիք տվեց:
- Փոփոխության իմաստն այն է, որպեսզի մենք կարողանանք խթանել արտահանումը: Գաղտնիք չէ, թե մեր երկրում ներմուծումը ինչ մեծ չափերով է գերազանցում արտահանմանը, ինչը եւ բերում է բավականին լուրջ եւ դժվար կարգավորվող խնդիրներ: Հայտնի է նաեւ, որ բոլոր երկրները արտահանման միտված քաղաքականություն են իրականացնում: Հայաստանը եւս տարիներ ի վեր փորձում է իր տնտեսական քաղաքականության հիմքում դնել այդ գաղափարը, եւ այսօր "Շահութահարկի մասին" օրենքի ընդունումը արտահանմանը միտված քաղաքականության հերթական դրսեւորումն է: Տեսեք, "Շահութահարկի մասին" օրենքը նվազեցնում է շահութահարկը այն տնտեսվարողների համար, ովքեր կապահովեն մեծ ծավալի արտահանում, իսկ մեծ ծավալի արտահանումն ինքնին նշանակում է մեծ տնտեսական աշխուժություն Հայաստանում, նոր աշխատատեղեր, նոր եկամուտներ: Այս նախագիծը ես հենց այդ տեսակետից չափազանաց կարեւոր եմ համարում, որովհետեւ եթե այն նախատեսվածի պես աշխատի, եթե գտնվեն տնտեսվարողներ, որոնք կապահովեն այդպիսի մեծ ծավալի արտահանում, դա անխուսափելիորեն ենթադրում է նաեւ երկրի ներսում եւս մեծ տնտեսական աշխուժություն:
- Ձեր խոսքերից կարելի է ենթադրել, որ այն կխթանի նաեւ փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, մինչդեռ քննադատողների կարծիքով` այդ առավելությունները ստանալովª խոշոր արտահանողները կփակեն ոչ մեծ արտահանողների թթվածինը:
- Եթե պետք է խրախուսվի, ապա պետք է խրախուսվի այն տնտեսվարողը, որը կարող է երկրում ապահովել մեծ տնտեսական շարժ: Այս պարագայում, ես կտրականապես դեմ եմ եւ չեմ կիսում այն տեսակետները, որ օրենքի փոփոխությունը կբերի նրան, որ, ասենք, այսօր գոյություն ունեցող փոքր եւ միջին բիզնեսը արտահանման հետ կապված կամ առհասարակ, ավելի վատ պայմաններում կհայտնվի: Այդ, այսպես ասած, մեղադրանքները ռեալ չեն` թեկուզեւ այն առումով, որ, առհասարկ, փոքր կամ միջին արտահանողը նաեւ դրսի շուկայում ունի խնդիր` ապրանքի ինքնարժեքի եւ շուկայում տեղ գտնելու առումով, եւ խոշոր արտահանումը որոշակի չափով կնպաստի նաեւ դրա լուծմանը: Այսինքն, եթե նաեւ դրա շնորհիվ աշխուժանա մեր արտահանումը, ապա դա միաժամանակ տնտեսական աշխուժության աճի, նոր տնտեսվարողների առաջացման կբերի նաեւ մեր ներքին շուկայում:
- Իսկ չունե՞ք մտավախություն, որ օրենքի փոփոխությունը կհանգեցնի նրան, որ արտահանման կոնկրետ ոլորտներ կմոնոպոլիզացվեն:
- Դա պետք է համեմատենք այն իրողության հետ, որն այսօր կա: Այսօր, եթե մենք էապես մեծացնում ենք մեր արտահանումը` այդ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ապա իսկապես այդ նոր ոլորտում, կախված, թե այդ տնտեսվարողը ինչպես կկազմակերպի իր գործունեությունը, իսկապես հնարավոր է, որ այստեղ մրցակցությունը կարող է շատ ավելի սուր լինել: Իսկ սուր մրցակցությունից, չեմ կարծում, որ տնտեսվարողները պետք է խուսափեն. ի վերջո հենց առողջ մրցակցությունն է միշտ եղել տնտեսական զարգացման հիմքը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

