"ՉԿԱ ԵՐԱՇԽԻՔ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԸ ՉԵՆ ԱԿՏԻՎԱՆԱ"
Արխիվ 12-16"ՉԿԱ ԵՐԱՇԽԻՔ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐԸ ՉԵՆ ԱԿՏԻՎԱՆԱ"
Հայ-ադրբեջանական սահմանը կրկին լարված է, շարունակվում են դիվերսիաները, կան զոհեր: Սա այն դեպքում, երբ նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հավաստիացրել էր, որ Ադրբեջանը պատրաստ է լուրջ քայլերի` Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար: Իսկ թե ինչով պետք է բացատրել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի տարածաշրջանային այցին հաջորդած լարվածության այս հերթական բռնկումը, փորձեցինք պարզել քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻՑ:
-Հայ-ադրբեջանական սահմանին տիրող հարաբերական խաղաղության պայմաններում թշնամու կողմից միշտ էլ կրակոցներ հնչել են, բայց դրանք հայ զինվորի կյանքը չեն խլել: Վերջին շրջանում Ադրբեջանի ընդհանուր պահվածքն ավելի է վատացել, սադրիչ գործողությունները սահմանում գնալով հաճախակի են դառնում, որի հետեւանքով ունենում ենք մարդկային զոհեր: Ադրբեջանն իր այս պահվածքով ցույց է տալիս, որ իրեն բացարձակապես չի հետաքրքրում հնչող կարծիքներն ու այն խոստումները, որ նախկինում տվել է, նա չի հետեւում այն պահանջներին, որոնք իրեն ներկայացվել են: Բացի այդ, Ադրբեջանը ցանկանում է մեծացնել լարվածությունը սահմանին, թեեւ առայժմ դրա արդյունավետությունը չի տեսում:
Այս ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակում ցավոք զոհերի թիվը պարբերաբար ավելանում է, եւ չկա ոչ մի երաշխիք, որ ադրբեջանական կողմը չի ակտիվացնելու դիվերսիոն խմբերի գործողությունները շփման գծում: Պարզապես պետք է ուշադիր լինենք եւ պատրաստ` ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություններին համարժեք պատասխան տալուն: Բարդ է կանխատեսել, թե արդյոք միջազգային հանրությունը կամ Մինսկի խմբի համանախագահները վերջ կտա՞ն Ադրբեջանի գործողություններին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

