ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ-ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՌՈՒՍՏԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԼՔԵ՞Լ ԲՀԿ-Ն
Արխիվ 12-16ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ-ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՌՈՒՍՏԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԼՔԵ՞Լ ԲՀԿ-Ն
Որքան էլ անսպասելի է, բայց "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել, որի մասին շշնջում են ԱԺ-ի կուլիսներում: Չնայած նրան, որ վերոնշյալ պատգամավորը գտնվում էր նիստերի դահլիճում, սակայն նկատեցինք, որ նա այլեւս ԱԺ-ում չէ եւ անգամ չի պատասխանում հեռախոսազանգերին: Ի դեպ երեկ առավոտյան` մինչ նիստի սկսվելը, Ռ. Գասպարյանը հայտնել էր, որ օրվա ընթացքում կկատարի իր որոշումը: Ամենայն հավանականությամբ` նա դե ֆակտո կմնա խմբակցության կազմում, բայց գործունեություն կծավալի որպես անկախ պատգամավոր:
Հիշեցնենք, որ Ռուստամ Գասպարյանը համարվում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մտերիմներից, կամ ինչպես ժողովուրդն է ասում` "քիփերից": Անցյալ տարի դեռ հանրահավաքներից մեկի ժամանակ պարոն Գասպարյանն ի լուր ամենքի հայտարարել էր, որ եթե պետք լինի` ուժով իշխանափոխություն կանենք. "Մենք թուրքերի հախից եկել ենք, սրանք ո՞վ են, որ սրանց հախից չգանք": Իսկ այս տարի ազատամարտիկ-պատգամավորն այնքան էր ոգեւորվել ԲՀԿ առաջնորդի փետրվարի 5-ի ելույթից, որ հայտարարել էր, թե` հեղափոխությունը քթներիս տակ է, եւ որ այն կիրականացնեն մինչեւ գարուն: Իսկ թե ինչ մնաց հեղափոխականներից, թողնում ենք ընթերցողի հայեցողությանը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

