ՆԻԿՈԼԻ ԵՎ ՖԵՄԻՆԻՍՏՆԵՐԻ "ՄԵՂՐԱՄԻՍԸ"
Արխիվ 12-16ՆԻԿՈԼԻ ԵՎ ՖԵՄԻՆԻՍՏՆԵՐԻ "ՄԵՂՐԱՄԻՍԸ"
Նիկոլ Փաշինյանն անսպասելիորեն ձմռան վերջին օրով իր ֆեյսբուքյան էջում դրեց 7 տարվա վաղեմության իր հանրահավաքային ելույթի տեսագրությունը` հարուցելով իր կողմնակիցների նոսթալգիկ հրճվանքը: Սակայն, դժվար թե, նրա պես պրագմատիկ գործիչն ընկներ "նոսթալջիի" հետեւից, առավել եւս, որ այդ հին ելույթն այսօրվա իրողությունների հետ բացարձակ կապ չունի: Սակայն հետաքրքրական է, որ նա հին ելույթի զետեղումը ուղեկցեց հետեւյալ գրությամբ. "2008 թվականի փետրվարի 21. այսպես սկսվեց շուրջօրյա հանրահավաքը: Ելույթիս մեջ թույլ եմ տվել գենդերային բացթողում, ինչի համար հայցում եմ աղջիկների ներողամտությունը": Ու դա էլ միանգամից արժանացավ գովեստների` ֆեմեն եւ գենդեր ակտիվիստների կողմից:
Հիմա ի՞նչ է թաքնված դրա շուրջ, առավել եւս որ այդ "հնության" նորովի մեկնաբանությանը Նիկոլը նվիրեց ավելի շատ ուշադրություն, քան բոլոր արեւմտամետների կուռք Բորիս Նեմցովի մահվանը: "Գենդերային բացթողում" կոչվածն էլ, որի համար Նիկոլը ներողություն խնդրեց, 7 տարի առաջ ասած այն խոսքն էր, որ "վռազողը տղա չի բերում":
Իսկ հիմա ավելի հետաքրքիր պահ: Ֆեմինիստների փետրվարի 26-ի` ընդդեմ գյուղնախարարի իրականացրած տգեղ եւ լկտի "կարտոֆիլային ակցիային", հաջորդ օրը հետեւում է Նիկոլ Փաշինյանի կնոջ` "Հայկական ժամանակի" գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանի "լավաշ" հոդվածը, ուր անչափ գովաբանվում է "կարտոֆիլային ակցիան" եւ քիչ է մնում դա որակվի բարոյական առումով "կարտոլային հեղափոխություն": Իսկ պատմության վերջաբանը հայտնաբերում ենք ֆեմինիստական կազմակերպություններից մեկի ղեկավար Լարա Ահարոնյանի էջում` մարտի 1-ին այդտեղ զետեղված է երկու լուսանկար, եւ պարզաբանված է, որ Նիկոլ Փաշինյանը, վերջինիս "Քաղաքացիական պայմանագիրը" ու Լարա Ահարոնյանն իր ֆեմինիստների հետ միասին քայլում են դեպի Մյասնիկյանի արձան` հարգելու մարտիմեկյան ողբերգության զոհերի հիշատակը: Լուսանկարներն արված են թիկունքից, դեմքեր չկան, դրանց որակը, բառիս բուն իմաստով, թիկունքային է, բայց... տիկին ֆեմինիստուհին շատ կարեւոր է համարել դա, որ դրել է:
Այսինքն` Նիկոլը սկսել է որոնել ֆեմինիստների աջակցությունը: Երեւի թե, նրանց հաշվին է մտադիր համալրել ակտիվ եւ որեւէ ամոթից զուրկ ակտիվիստների պակասը: Դե ինչ, "նարնջագույններից" յուրաքանչյուրը ճարում է իրեն զորակցող իր ծայրահեղական կամ հանրորեն անընդունելի "զորակիցներին": Րաֆֆին դեռ գրեթե 3 տարի առաջ գտավ ծոմակազգի գոմիկներին, Ժիրայր Սէֆիլյանը ներգրավում է եվրաինտեգրիստներին, անարխիստներին եւ աղանդավորներին, եւ ահա Նիկոլն էլ հետ չմնաց ու սկսեց ֆեմինիստներին ներգրավելու գործընթացը:
ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆ

