ՀԱԿ-Ն ԸՆՏԵԼԱՑԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄՏՔԻՆ
Արխիվ 12-16ՀԱԿ-Ն ԸՆՏԵԼԱՑԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄՏՔԻՆ
Երեկ խորհրդարանում քննարկվում էր «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԸ: Նախարարին հարց ուղղելով` ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ցիտելով ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ` սկսեց հետաքրքվել, թե ինչպես է օրենքը գործելու սահմանադրական փոփոխություններից հետո: Մինչ Ա. Ասատրյանը կպատասխաներ, ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ նշեց. «Ողջունելի է, որ սկսել եք սահմանադրական բարեփոխումներից խոսել»: Լ. Սարգսյանն էլ շտապեց հակասել ինքն իրեն ու հորդորեց սոցապնախարարին շատ չչարչարվել. «Ես մաղթում եմ, որ սահմանադրական բարեփոխումներ չլինեն»: Իսկ պարոն Ասատրյանը հանգստացնելով Լ. Սարգսյանին` շեշտեց, որ սահմանադրական բարեփոխումներն իրենց համար տանջանք չէ: Իսկ Է. Շարմազանովը հավելեց. «Ձեր չարչարանքներին ապաշխարանք, պարոն Ասատրյան»:
Հիշեցնենք, որ վերոնշյալ օրենքի փոփոխությամբ` առաջարկվում է ՀՀ պաշտոնաթող նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ` աշխատավարձի 70 տոկոսի չափով, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանվում է, որ ՀՀ պաշտոնաթող նախագահը կահավորված գրասենյակով ապահովված է ցմահ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

