ՀԱԿ-Ն ՈՒ ԲՀԿ-Ն ԱՅԼԵՎՍ ՉՍԻՐԵ՞Լ ԻՐԱՐ
Արխիվ 12-16ՀԱԿ-Ն ՈՒ ԲՀԿ-Ն ԱՅԼԵՎՍ ՉՍԻՐԵ՞Լ ԻՐԱՐ
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով ԲՀԿ-ի հետ հետագա համագործակցության մասին, ասաց, որ ԲՀԿ-ի համագումարից պարզ կդառնա` փոխում է կուսակցությունն իր օրակարգը, թե ոչ: «Օրակարգը եթե փոխվի, կհամագործակցենք այն հարցերի շուրջ, որոնց դեպքում մեր դիրքորոշումները նույնն են»,- ասաց Զուրաբյանը:
Իսկ արդյոք ԲՀԿ-ը կցանկանա ՀԱԿ-ի հետ համագործակցել հատկապես ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Սրտիս պարտքը» վերնագրով հայտարարությունից հետո, որին բացասական գնահատական էր տվել ԲՀԿ երիտասարդ պատգամավոր Վահան Բաբայանը` ասելով, որ ՀԱԿ-ին գործընկեր չի համարում:
«Իրավունքը» պրն Զուրաբյանից պարզեց` ինչպես կմեկնաբանի Բաբայանի այս հայտարարությունը: «Չեմ մեկնաբանում ԲՀԿ-ի մեկ պատգամավորի ասածը, որն իր անձնական կարծիքն է»:
Մեր մյուս հարցին` ՀԱԿ-ը մտավախություն չունի՞, որ ԲՀԿ-ը, այնուհանդերձ, կհրաժարվի իշխանափոխության մտքից, եթե հաշվի առնենք, որ մի քանի ԲՀԿ-ական գործիչներ հայտարարել են, որ, հավանաբար, կհրաժարվեն իշխանափոխության գաղափարից, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես պրոֆեսիոնալ չեմ համարում առանձին անհատների կարծիքի մեկնաբանությունը»:
Ի դեպ, Զուրաբյանը անհեթեթություն է համարում նաեւ «Հանրապետություն» ղեկավար Արամ Սարգսյանի այն հայտարարությունը, թե ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի դաշինքը մշակվել է Մոսկվայում:
Դե ինչ, ԲՀԿ-ի «թեւերը կտրվելուց» հետո, արդեն ոչինչ ընդունելի եւ ցանկալի չէ ՀԱԿ-ի համար, քանի որ վերջիններս մեծ ախորժակ ունեին: Դե իսկ ԲՀԿ-ն այս փուլում հավանաբար հասկացավ, թե ում հետ գործ ուներ ու կամաց-կամաց եռանդուն հարաբերությունները վերածվեցին սառնարանային սառույցի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

