ԲՀԿ-Ը ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՀԱԿ-Ը ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ԲՀԿ-Ը ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՀԱԿ-Ը ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով դեմ է քվեարկել «նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքին, այսօր նորից անդրադարձավ այդ խնդրին` ասելով, որ նախկին նախագահներն արժանի չեն ու չպետք է առանձնահատուկ ձեւով վարձատրվեն:
«Իրավունքը» ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանից հետաքրքրվեց, թե ինչպես են ընդունում, Զարուհի Փոստանջյանի մեղադրանքները այն նախագահների մասին, որոնցից 1-ի`Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ դեռ 10 օր առաջ սերտ համագործակցում էին, իսկ մյուս նախագահը`Ռոբերտ Քոչարյանը, իրենց «կնքահայրն» է: «Ես այդ օրինագծին կողմ եմ քվեարկել` դրանով արտահայտելով իմ դիրքորոշումը: Ինչու ես պետք է մեկնաբանեմ Փոստանջյանի ելույթը»,- նեղսրտեց պատգամավորը, ապա արագ-աչագ հեռանալով` ասաց, որ ինքը համամիտ չէ Փոստանջյանի հնչեցրած մտքերին:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանից եւս փորձեցինք մեկնաբանություն ստանալ Փոստանջյանի` Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին հնչեցված մեղադրանքների մասին: Մեր այդ հարցը ուշադիր լսելուց հետո պատգամավորը մեղմիկ ժպտաց, ապա փաղաքշական շոյելով տողերիս հեղինակի գլուխը` անարձագանք հեռացավ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

