ՀԱԿ-Ը`ԴԵՄ, ԲԱԳՐԱՏՅԱՆԸ` ԿՈՂՄ. ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Արխիվ 12-16ՀԱԿ-Ը`ԴԵՄ, ԲԱԳՐԱՏՅԱՆԸ` ԿՈՂՄ. ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն այսօր դրվեց քվեարկության: Մինչ քվեարկության անցնելը, վարման կարգի վերաբերյալ շուրջ 20 րոպե տարբեր խմբակցությունների անդամներ ելույթներ ունեցան, որը վերածվեց օրենքի հերթական քննարկման: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու օրենքում կատարված փոփոխություններին: Սա, հավանաբար, դուր չեկավ խմբակցության քարտուղար, իսկ վաղվանից, ամենայն հավանականությամբ, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին, ով բացատրական տոնայնությամբ ներկաներին հայտարարեց` ԲՀԿ-ն կողմ է քվեարկում, քանի որ երեկ հանդիպում է ունեցել ՓՄՁ-ի ներկայացուցիչների հետ եւ նրանք տվել են դրական պատասխան, այն է` հորդորել ԲՀԿ-ին կողմ քվեարկել փոփոխված տարբերակին:
Հիշեցնենք, որ այս փոփոխությամբ առաջարկվում է ՓՄՁ-ների` 58.35 մլն դրամի շեմը բարձրացնել մինչեւ 113.4 մլն։ Ըստ նախագծի` փաստաթղթավորման բացակայության դեպքում՝ նախկին 3,5 տոկոսի փոխարեն, որ դարձվել էր 1% և առաջացրել տնտեսվարողների դժգոհությունը, այժմ ՓՄՁ-ներն ստիպված են լինելու վճարել 5% շահութահարկ։ Իսկ այն ՓՄՁ-ները, ովքեր կհամաձայնեն կատարել պարտադիր փաստաթղթավորում, կվճարեն 1 % շահութահարկ։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ ասաց, որ դեմ են քվեարկելու, չնայած որ, ըստ իր խոսքի, առաջին անգամ դրական տեղաշարժ են նկատում, բայց միեւնույն է, ԴԵՄ են: Իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հակառակ կարծիքի է: Ըստ նրա` հինգ տոկոսով աշխատելը ՓՄՁ-ի ներկայացուցիչների համար ավելի լավ է, թեեւ լավ կլիներ, որ հինգ տոկոսի շեմը լիներ վեց:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն էլ ասաց, որ իրենք եւս դեմ են քվեարկելու, քանզի տեղյակ չեն` էկոնոմիկայի նախարարն ընդունելու է իրենց առաջարկները, թե`ոչ: Սրան հակառակ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ իրենք ձեռնպահ կքվեարկեն, որովհետեւ օրենքում կան խրթին ձեւակերպումներ, բացի այդ` հարկային մարմինների ստուգումները մահակի նման կախված են ՓՄՁ-ի գլխին: Նա եւս հայտարարեց, որ հանդիպել են ՓՄՁ-ների ներկայացուցիչների հետ, որոնք հորդորել են ձեռնպահ քվեարկել: Հետաքրքիր է`այդ ինչպես եղավ, որ խորհրդարանի կարկառուն տիկնայք հանդիպում են ՓՄՁ-ների այնպիսի ներկայացուցիչների հետ, որոնք տարբեր կարծիքներ են հայտնում, չէ՞ որ արդյունքը պետք է նույնը լինի:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ դեմ խոսողները քաղաքական շահարկումներով են զբաղված, քանի որ սկզբում հայտարարում էին որ ՓՄՁ-ի ներկայացուցիչները դեմ էին, հիմա էլ`կողմ են, բայց իրենք, միեւնույն է, դեմ են քվեարկելու:
Ինչեւէ, 92 կողմ, 6 դեմ, 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրենքի փոփոխված տարբերակն ընդունվեց:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

