ԱԺ նախագահ. ''Օրենքն ոչ թե անձին է վերաբերվում, այլ` նախագահի ինստիտուտին''
Արխիվ 12-16ԱԺ նախագահ. ''Օրենքն ոչ թե անձին է վերաբերվում, այլ` նախագահի ինստիտուտին''
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր ՀՀ պաշտոնաթող նախագահների կենսաթոշակի վճարման, սպասարկման և անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություններ անելու հարցը: Արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Սահակյանը հայտարարեց, թե չի ընդունում «ում չեմ սիրում, նա նախագահ չէ»-ի նման այլ որակումները և նշեց, որ այս օրինագիծը ոչ թե անձին է վերաբերում, այլ` նախագահի ինստիտուտին:
« Ձեր սեփական ամբիցիաները ԱԺ բերելը ճիշտ չէ: Երբեք չէի մտածել, որ այս նախագիծն այսքան երկար կտեւի: Մենք ասում ենք, որ պետական ինստիտուտները պետք է հարգել: Եթե մեր պաշտոնաթող նախագահներին չտանք արտոնություններ, ապա որ պետությունը մեզ կսիրի, կհարգի»:
Նա նշեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ամենաընդգծված քննադատներից մեկը ինքն է եղել, սակայն դա վերաբերել է ոչ թե անձին, այլ գործողություններին. «Ինչպես կարող ենք չհարգել այն, որ ժամանակին ժողովուրդը հետեւեց նրա կոչերին ու պատերազմ հաղթանակեցինք: Սա մենք չենք մոռանում, մեր պետության պատվախնդրությունը ձեր փիլիսոփայությամբ հողին մի հավասարեցրեք, այս ամբիոնը պետք է հարգենք: Իսկ ես էլ կարող եմ ասել, որ այս ընթացքում ես ինձ նվաստացած զգացի, որ եղած-չեղածները նախագահի թեկնածու դրեցին իրենց: Հումորով պետք է ասեմ, որ այս նախագծերը ԱԺ նախագահին ու վարչապետին չեն վերաբերելու, քանի որ մենք թոշակի գնացողը չենք»:
Ըստ նրա՝ օրենքը պետք է ընդունվի, քանի որ դա վերաբերում է ոչ թե կոնկրետ նախագահներին, այլ հայ ազգի արժանապատվությանը:
Նշենք, որ առաջարկվող փոփոխություններով` ՀՀ պաշտոնաթող նախագահների կենսաթոշակի չափը կազմելու է գործող նախագահի աշխատավարձի 70%-ը: Նրան հատկացված գրասենյակն ու մեքենան կտրվի ցմահ:
{youtube}z3Z9kaB_BJM{/youtube}

