ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԵՎԳԵՆԻ ԿԻՍԻՆԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԵՎԳԵՆԻ ԿԻՍԻՆԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ապրիլի 2-ին «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը կլինի Հայաստանում՝ ևս մեկ անգամ իր տաղանդով գերելու հայ երաժշտասերներին: Ծրագրում կհնչեն Բեթհովենի սոնատ թիվ 21-ը, Պրոկոֆևի սոնատ թիվ 4-ը, Շոպենի նոկտյուրները, ինչպես նաև մազուրկաները, Լիստի Ռակոցի-մարշը: «Երևանյան հեռանկարներ» փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի խոսքերով, Եվգենի Կիսինը մեր երկրի և փառատոնի լավագույն ընկերն է. «Երբ առաջին անգամ նա եկավ Հայաստան, մեկնելու ժամանակ խոստացավ, որ մի քանի տարի հետո կրկին կվերադառնա այստեղ: Մենք ամիսներ առաջ բարի լուր ստացանք իրենից, որ ապրիլին նա Հայաստան կգա նոր ծրագրով»:
Փառատոնի այս տարվա բոլոր համերգներն էլ նվիրվելու են ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Դաշնակահար Եվգենի Կիսինը ծնվել է 1971 թ. Մոսկվայում, ռուսական հրեաների ընտանիքում։ 6 տարեկանում ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական դպրոցին կից շնորհալի երեխաների հատուկ քոլեջը՝ աշակերտելով Աննա Պավլովնա Կանտորին, որը նրա միակ ուսուցիչն է։ 10 տարեկան հասակում կատարել է իր դեբյուտը՝ նվագելով Մոցարտի դաշնամուրի կոնցերտը, իսկ 1 տարի անց Մոսվկայում հանդես եկել մենահամերգով։ Հանդես է եկել մի շարք հեղինակավոր համերգասրահներում՝ անվանի նվագախմբերի հետ: Կիսինն արժանացել է բազմաթիվ երաժշտական պարգևների և պատիվների։
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

