ՈՒԿՐԱԻՆԱՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆ. "ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ ԴԱԺԱՆ ՕՐԵՐ ԵՆՔ ՏԵՍԵԼ"
Արխիվ 12-16ՈՒԿՐԱԻՆԱՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆ.
"ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ ԴԱԺԱՆ ՕՐԵՐ ԵՆՔ ՏԵՍԵԼ"
Ուկրաինայում տիրող անկայուն, լարված իրավիճակի պատճառով հարյուրավոր հայեր են լքում այդ երկիրը, իրենց բնակության վայրերը, աշխատանքըª տեղափոխվելով Հայաստան: Ինչպե՞ս են նրանք Հայաստանում կարողանում ադապտացվել, ի՞նչ խնդիրների հետ են բախվում, եւ ո՞րն է նրանց նպատակըª մնա՞լը, թե վիճակի կարգավորվելուց հետո ետ գնալը. "Իրավունքը" կփորձի պարբերաբար անդրադառնալ այս հարցերին: Իսկ այդ ամենի շուրջ մեր առաջին զրուցակիցն է Շուշան Գվզարյանը, ով Ուկրաինայից Հայաստան է եկել անցյալ տարվա մայիսին` իր երկու անչափահաս` 3,5 եւ 4,5 տարեկան երեխաների հետ:-Երկա՞ր ժամանակով եք տեղափոխվել Հայաստան:
- Այնտեղից գալիս` մտածում էինք` դե, շատ-շատ մի երկու-երեք ամսով ենք գնում, վիճակը շուտ կկարգավորվի, հետ կգանք: Բայց փաստորեն արդեն մի տարի կլինի, որ դեռ այստեղ ենք, ու, չեմ ամաչի բառիս համար, քոչվորի կարգավիճակում շարունակում ենք ապրել. էսօր մի բարեկամի տանը, վաղըª մյուսի: Ամենավատն այն է, որ գիտես` Ուկրաինայում տուն, աշխատանք ունեիր, իսկ այստեղ լրիվ փախստականի կարգավիճակում ենք, օդից կախված:
- Ներկայումս Ուկրաինայում վիճակը, խոսում են, թե մի քիչ հանդարտ է: Դա հույսեր չի՞ տալիս:
- Դա ժամանակավոր է: Գիտեքª էդ պատերազմական վիճակը չտեսնողի համար հեշտ է ասել: Երբ զգում ես, որ ամեն վայրկյան կարող է ռումբ գցեն տանդ վրա, կամ գան տանդ մեջ բոլորին հատ-հատ կոտորեն, միանգամից մոռանում ես ապրուստիդ մասին: Ամուսինս մնացել է այնտեղ. չի կարողանում գալ: Տանից դուրս գալն էլ վտանգավոր է, չնայած խոսում են, թե հիմա հանդարտ է իրավիճակը: Էդպես չի, դա ժամանակավոր հանդարտություն է: Եթե մենք վստահ լինեինք, որ մեզ այլեւս վտանգ չի սպառնա, մի վայրկյան անգամ այստեղ չէինք մնա: Հարցն այն չէ, որ մեզ այստեղ լավ չեն վերաբերվում, այլ, որ մենք այնտեղ արդեն ունեինք մեր ապրուստի միջոցը, հարմարվել էինք տեղի մարդկանց հետ: Իսկ այստեղ ամեն ինչ պետք է նորից սկսել: Իսկ դա այնքան էլ հեշտ բան չէ` մանավանդ ներկայիս պայմաններում: Ամուսինս մեզ մի կերպ այնտեղից, բառիս բուն իմաստով, փախցրեց. փողոցում ամեն քայլափոխի զենքով մարդկանց էինք հանդիպում, աննկարագրելի դաժան օրեր ենք տեսել: Ես միայն մեր անձնական շորերն ու առաջին անհրաժեշտության իրերն եմ կարողացել բերել:
- Իսկ հիմա որտե՞ղ եք բնակվում, ունե՞ք աշխատանք:
- Սկզբում վարձով էի ապրում, հետո տեսա, որ չեմ հասցնում, դուրս եկա: Հիմա` մոտ մեկ տարի է, երեխեքս գիրկս էստեղից էնտեղ եմ վազում, տասը օր ամուսնուս ծնողների տանն եմ մնում, մի տասը օրª իմ ծնողների, քույրիկիս, ու էդպես ամեն օր մի տեղ մթնացնում ենք: Աշխատանք չունեմ, նույնիսկ մշտական կեցության տեղ չունեմ, որ երեխաներին մանկապարտեզ տամ, ես էլ դուրս գամ աշխատանք փնտրեմ: Չգիտեմ` ինչ կլինի, Աստված տա, ամեն ինչ կարգավորվի` մենք էլ գնանք, հասնենք մեր տները: Թե չէ էստեղ, էս պայմաննրում չգիտեմ ինչ ապագա կունենանք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

