Դիվանագետի մասնագիտական օրը խորհրդանշում է Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում հայոց Եռագույնի բարձրացումը, միջազգային հանրությանը լիիրավ անդամակցելու մեր ժողովրդի նվիրական երազանքի իրականացումը:
Անկախ պետականության գրեթե երկուսուկես տասնամյակների ընթացքում դուք` դիվանագետներդ, ձեր կարեւոր նպաստն եք բերել միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակության ամրապնդմանը, մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի լուծմանը, Հայաստանի ազգային անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերին: Այսօր էլ ձեր առջեւ բազում են մարտահրավերները, հետեւաբար մեծ են նաեւ ձեզնից ակնկալիքներն ու պահանջները: Ձեզ տրված առաջադրանքներն ու հանձնարարականներն իրականացնելու համար պահանջվում է ամենօրյա, հաճախ` ամենժամյա աշխատանք, երբեմն` առանձնակի դժվարին եւ թեժ պայմաններում: Այս պահին եւս Սիրիայում եւ Իրաքում ընթացող դժվարին գործընթացների պայմաններում պատվով իրենց առաքելությունն են իրականացնում հայ դիվանագետները: