"ԻՀԱՐԿԵ Ո՛Չ". ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ` ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԼՈՒՐՋ ԹԵԿՆԱԾՈՒ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լրատվամիջոցներից մեկը անդրադարձ էր կատարել, որ հնարավոր է` մոտ օրերս ԲՀԿ շարքերը լքի նաեւ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ինչպես նաեւ նշել են, որ. "Մարտուն Գրիգորյանը պատրաստվում է հաջորդ տարի` 2016-ին, առաջադրվել Գյումրիի քաղաքապետի ընտրություններում: Նա քաղաքապետի պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկն է լինելու, որին որպես հակակշիռ` իշխանությունները, հնարավոր է, կրկին վերադարձնեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին` ապահովելով թեժ ընտրապայքար` երկու քրեական կլանների ղեկավարների միջեւ":
"Իրավունքը" փորձեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից պարզել` արդյոք նա, եթե առաջադրի իր թեկնածությունը, նախկին ԲՀԿ-կան պատգամավորին լուրջ թեկնածու կհամարի, Ղուկասյանը այսպես պատասխանեց. "Իհարկե ոչ, բայց հլը սպասենք ընտրության ժամանակը գա, տեսեք ես կառաջադրվեմ, թե` ոչ, հետո նոր էդ հարցերը կտաք: Էդ բոլոր հարցերի պատասխանը միայն ժամանակը կտա": - Բայց այս պահի դրությամբ, եթե Ձեզ առաջարկեին քաղաքապետի թեկնածություն դնել, կառաջադրվեի՞ք: - Կապրենք` կտեսնենք, բայց ասեմ, որ չի բացառվում, ավելին` շատ հնարավոր է: