Ապրիլի 24-ին նախատեսված թուրքական ցնորամիտ նախաձեռնությունը` նշել Դարդանելի ճակատամարտի տարելիցը, ըստ էության, տապալվեց: Ինչի մասին գրում են հենց թուրքական լրատվամիջոցները, ոմանք նույնիսկ շտապեցին գրել, թե թուրքական իշխանությունները չեղյալ են հայտարարել այն: Իրականում, Թուրքիային չհաջողվեց իր հերթական ստով կերակրել առաջադեմ հասարակությանը, այդ թվում այն 102 երկրների ղեկավարներին, որոնց հրավերներ էր ուղարկել:
Հենց այս մասին էլ "Իրավունքը" զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ. - Դա այնքան ցինիկ առաջարկություն էր, որ անգամ այն երկրները, որոնք բարեկամական հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ, չցանկացան գնալ այդ հնարովի միջոցառմանը: Որքան տեղյակ եմ` երկրների ղեկավարները հրաժարվել են եւ, կարծես թե, մի 4 երկիր է, որ համաձայնություն է տվել մասնակցելու, այն էլ ոչ առաջին դեմքերի կարգավիճակով, այլ երրորդ-չորրորդական մարդիկ պետք է գնան: Դա ուղղված էր Եղեռնի 100-րդ տարելիցի դեմ եւ, ի վերջո, առաջավոր մարդկությունն ամաչեց, ըստ երեւույթին, այդ զուգահեռի ժամանակ նախապատվությունը տալ նման հիմար նախաձեռնությանը, որը Էրդողանը փորձեց կյանքի կոչել: