ԴԱՍԱԿԱՆ ՌՈՄԱՆՍԻ ԵՐԵԿՈ`ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Արխիվ 12-16ԴԱՍԱԿԱՆ ՌՈՄԱՆՍԻ ԵՐԵԿՈ`ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Մարտի 8-ին` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա երեկո` նվիրված Կանանց միջազգային օրվան: Այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց երգիչ ԱՐՏԱԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ: Համերգի առաջին բաժնում կհնչեն հայ և ռուս դասականների հայտնի ռոմանսներ: Երկրորդ բաժնում` իտալական և իսպանական ռոմանսներ:
Երգչի խոսքերով` համերգն իր համար էլ առանձնահատուկ է. «Կայացած նախորդ մենահամերգների ընթացքում հնչել են հոգևոր երգեր` հիմնականում Կոմիտաս»:
Հարցին, թե ո՞րն է համերգի յուրահատկությունը, Ա. Ալավերդյանը հետևյալ կերպ արձագանքեց. «Հավանաբար այն, որ ստեղծագործությունների մի մասը կկատարվեն կիթառի և հարվածային գործիքների ուղեկցությամբ, ինչը երեկոյին յուրօրինակ շունչ կհաղորդի»:
Համերգին կմասնակցի նաև դերասան Խորեն Լևոնյանը:
Հավելենք, որ համերգի մուտքն ազատ է:
Արտակ Ալավերդյանը 2008-2011թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ դասական բաժնում: 2011թ.-ից CADENZA մենակատարների անսամբլի անդամ է:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

