ՎԱՆԱՁՈՐԻ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԱՂԱ՞ՆԴ Է ՔԱՐՈԶՈՒՄ. «ՉԵՔ ՈՒԶՈՒՄ ՄԻ՛ ՆԱՅԵՔ, ԿԱՄ «ORT» ՆԱՅԵՔ»
Արխիվ 12-16ՎԱՆԱՁՈՐԻ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԱՂԱ՞ՆԴ Է
ՔԱՐՈԶՈՒՄ. «ՉԵՔ ՈՒԶՈՒՄ ՄԻ՛ ՆԱՅԵՔ, ԿԱՄ «ORT»
ՆԱՅԵՔ»
«Իրավունք» թերթի երեկվա համարում տպագրված «ՀՌԱՀ տնօրենը տեղյակ չէ, որ գոյություն ունեն աղանդ քարոզող հեռուստաալիքներ» վերնագրով հոդվածը, Վանաձորում բնակվող մեր հավատարիմ ընթերցողներից մեկից արձագանք ստացանք: Վերջինս զանգահարելով թերթի խմբագրություն`զայրացած խոսում էր Վանաձորում հեռարձակվող «Միգ» հեռուստալիքի մասին, որը, ըստ քաղաքացու, ամեն օր` մոտ երկու ժամ, ավետարանական եկեղեցու ճյուղերից մեկի` հոգեգալստական (պենտեկոստեական շարժման) գաղափարախոսությունն է քարոզում: Քաղաքացին վրդդոված ասում էր, որ նման հաղորդում չպետք է հեռարձակվի, քանի որ ավետարանական եկեղեցին ծավալում է քայքայիչ գործունեություն: Մեր զրուցակիցը միայն բողոքելով չի բավարարվել` զանգահարել է հեռուսաընկերություն, սակայն լսել է հետեւյալ պատասխանը. «Չեք ուզում, մի՛ նայեք: Նայե՛ք «ORT»: Պատկերացնում եք` ինձ ասում է` «ORT» նայի»:
Խնդրի առնչությամբ զրուցեցինք «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության ու վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանի հետ: Ըստ նրա, եթե նման հաղորդում է ցուցադրվում, նշանակում է` կրոնական կառույցը վճարում է նման հաղորդումը, եթեր հեռարձակելու համար: Բայց կրոնական կառույցը պետք է հստակ հաշվի առնի «Խղճի ու կրոնի ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածը. «Հոդվածի համաձայն, բացի հայ առաքելական եկեղեցուց, կրոնական ուղղությունների մասսայական քարոզն արգելված է: Եթե հեռուստաընկերությամբ եթեր է տրամադրվում ավետարանչական եկեղեցու գաղափարախոսության քարոզմանը, դա օրենքի խախտում է»:
ՀՌԱՀ փոխնախագահ Ժիրայր Դադասյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ կարգավորված է օրենքով. «Որեւէ հեռուստաընկերություն չի կարող հեռարձակել մի հաղորդում, եթե այն պայմանագրով նախատեսված չէ եւ չի ներկայացվել ՀՌԱՀ-ին` հաստատման»:
Ինչ վերաբերում է խղճի ու կրոնի ազատության մասին օրենքի 7-րդ հոդվածը ոտնահարելուն, Ժիրայր Դադասյանն այսպես պատասխանեց. « Ես ձերբ հարցը լավ չեմ հասկանում, բայց միգուցե համացանցով քարոզչության մասին է խոսքը: Համացանցը չենք կարող վերահսկել»:
Ոչ, պրն Դադասյան, խոսքը Վանաձորում հեռարձակվող հեռուստաընկերության մասին է: Ավելին` սա երկրոր դեպքն է, երբ քայքայիչ գործունեություն ծավալող կրոնական կառույցներն իրենց գաղափարները քարոզում են հեռուստաընկերությամբ: ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ օրեր առաջ նման հարց էր բարձրացրել ԱԺ-ում` ակնկալելով լսել պատասխան ՀՌԱՀ տնօրեն Գագիկ Բունիաթյանից, սակայն հարցը համարելով «նուրբ», պրն Բունիաթյանն առաջարկել էր այն առանձին քննարկել:
ՀՌԱՀ-ի փոխտնօրեն Ժիրայր Դադասյանը խորհուրդ տվեց մեզ դիմած քաղաքացուն գրավոր դիմել ՀՌԱՀ, որը խնդիրը մանրամասն կուսումնասիրի ու կտա ստակ պատասխան:
Փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ «Միգ» հեռուստաընկերությունից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
Ի դեպ, ըստ ՀՌԱՀ-ի 2013 թ-ի տարեկան զեկույցի` «Միգ» հեռուստաընկերության լիցենզիան այս տարի հունվարի յոթին պետք է գործեր, սակայն վանաձորցիները մեզ հետ զրույցում ասացին, որ մինչ այժմ այդ ալիքը հաղորդումներ հեռարձակում է:
Հ.Գ. Ակնկալում ենք սույն հարցի վերաբերյալ լսել նաեւ «Միգ» հեռուստաընկերության պարզաբանումը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

