Կենտրոն» հեռուստաընկերությունում զանգվածային կրճատումներ են. «Հրապարակ»
Արխիվ 12-16| «Կենտրոն» հեռուստաընկերությունում զանգվածային կրճատումներ են. «Հրապարակ» |

«Հրապարակ»-ը գրում է. ««Կենտրոն» հեռուստաընկերությունում զանգվածային կրճատումներ են: Որոշ լուրերով, աշխատանքից ազատվել է մոտ 80 հոգի, որոնց մեծ մասն աշխատում էր տարբեր հեռուստանախագծերում: Միայն լրատվական «Էպիկենտրոն» թողարկումում աշխատանքից ազատվել է մոտ 13 հոգի, այդ թվում՝ հաղորդավարներ Լիլիթ Աղբալյանը, Գրիգոր Հարությունյանը, լրագրողներ, օպերատորներ, հնչյունային ռեժիսոր, մոնտաժող, վարորդ: Լրատվականի աշխատակիցներին բոթը հայտնել է դեռևս տնօրենի կարգավիճակում գտնվող Իվետա Տոնոյանը, ով ժողով է հրավիրել և դեմքի տխուր արտահայտությամբ հայտարարել աշխատանքից դուրս եկողների անունները՝ հավելելով, որ դժվարությամբ է գնացել այդ որոշմանը:
Աշխատակիցներն աշխատանքից ազատվել են Աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտումներով. նրանց վաղօրոք չէին հայտնել աշխատանքը կորցնելու և դրա պատճառների մասին: Մեզ տեղեկություններ են հասել նաև, որ աշխատանքից չազատված աշխատակիցների աշխատավարձերն էլ իջեցվելու են:
Մեր տեղեկությունները փորձեցինք ճշտել «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Գոռ Մարտիրոսյանից, ով, զայրանալով հարցից, նշեց. «Ձեր ինֆորմացիան սխալ է, ես հիմա զբաղված եմ, երկուշաբթի զանգահարեք՝ օրվա առաջին կեսին, կպատասխանենք»»:

