«ԱՆՀԵՐՔԵԼԻ ԶԵՆՔ ԵՎ ՎԱՀԱՆ` ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ»
Արխիվ 12-16«ԱՆՀԵՐՔԵԼԻ ԶԵՆՔ ԵՎ ՎԱՀԱՆ` ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ»
Լրացավ Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության եղեռնի ու զանգվածային տեղահանության 27-րդ տարին: Սովորական ցեղասպանություն որակված այս ողբերգական դեպքերի ու այսօր դրա մասին բարձրաձայնելու կարեւորության վերաբերյալ, «Իրավունքը» զրուցեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ.
-Ադրբեջանում կատարված ցեղասպանությունը ոչ միայն իր մեջ բարոյական իմաստ է կրում, այլ կոնկրետ ցանկացած հայ ընտանիքի համար նաեւ նյութական նշանակություն ունի: Եթե մենք ճանաչել տանք Ադրբեջանում հայերի ցեղասապանությունը, մենք դրանով ձեռք կբերենք անհերքելի զենք եւ վահան` ադրբեջանական հավակնությունների հանդեպ` Լեռնային Ղարաբաղի պատկանելության վերաբերյալ: Ադրբեջանում հայերի ցեղասպանության օրինակով կարելի է հեշտությամբ ապացուցել, որ ադրբեջանցի թուրքը եւ արցախահայը երբեք համատեղ ու խաղաղ չեն կարողանա գոյատեւել մեկ պետության սահմաններում: Իսկ եթե մենք կարողանանք այդ գործը շահել, հիմնավորել եւ հասնել, ի վերջո, Արցախի անկախության համաշխարհային ճանաչմանը , դա կբերի նաեւ Հայաստանի ապօրինի շրջափակման վերացմանը, ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի կողմից: Դա կանդրադառնա կոնկրետ բոլոր հայաստանցիների նաեւ կենսամակարդակի վրա, այսինքն` կդադարեն Ադրբեջանի կողմից անընդհատ հարձակումները եւ սպառնալիքները, ընդորում ոչ միայն ղարաբաղյան ճակատում, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
- Պարոն Այվազյան, ըստ Ձեզ, ո՞րը պետք է լինի այն առաջին քայլը, որ պետք է անել այս ուղղությամբ:
- Կարծում եմ` առաջին քայլն այն է, ինչը մենք տարիներ շարունակ արդեն անում ենք եւ հույս ունենք, որ հայրենասիրական ուժերը, Ազգային ժողովի տարբեր խմբակցություններում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչները կաջակցեն մեզ: Մենք բազմիցս դիմել ենք Ազգային ժողովին, որ Ադրբեջանում հայերի ջարդերը որակավորվեն` որպես Ադրբեջանում հայերի ցեղասպանություն: Հենց սա պետք է լինի առաջին քայլը եւ նաեւ այդ ճշմարտության վերաբերյալ ճշգրիտ տեղեկությունը համաշխարհային հանրությանը ԶԼՄ-ներով եւ տարբեր միջոցառումներով տարածելը, որպեսզի Ադրբեջանը չկարողանա խեղաթյուրել արցախյան հակամարտության պատճառահետեւանքային կապը: Սա նաեւ իրավական հարց է եւ անհրաժեշտ է Նյուրնբերգյան դատավարության նախադեպով Հայաստանում, թեկուզեւ հեռակա կարգով, ցուցադրական դատավարություն կազմակերպել: Եվ, անշուշտ, դատապարտել կատարված ամենածանր հանցագործության համար, որը միայն ադրբեջանական հացնագործներին մահապատիժը կարող է լինել:
- Իսկ դատապարտելուց բացի, արդյո՞ք ժամանակը չէ նաեւ տարածքային փոխհատուցման:
- Ղարաբաղյան հակամարտության բանակցային սեղանի վրա հստակ պետք է դնել փախստականների փոխադարձ վերադարձելիության սկզբունքը, որ այն թյուր տպավորությունը չստեղծվի, իբրեւ թե վերադարձը միայն ադրբեջանցիներին է վերաբերում եւ գործը գնա խաղաղ ճանապարհով: Պետք է դրվի հարց, որ նախկին հայաբնակ բնակավայրերում եւ շրջաններում իրավունք ունեն վերադառնալ նաեւ հայերը: Իսկ եթե հայերի իրավունքը այնտեղ վերադառնալու արգելվի, ապա ինքնաբերաբար նաեւ ադրբեջանցիները իրավունք չեն ունենա խոսել իրենց, այսպես կոչված, փախստականների մասին ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում (նկատի ունեմ ազատագրված տարածքները): Դրանով մենք կչեզոքացնենք Ադրբեջանի կողմից շահարկումները միջազգային հումանիտար իրավունքի վերաբերյալ, իսկ ավելի կոնկրետ գործնականում եթե հարցը գնա, ոչ թե խաղաղ կարգավորման, այլ պատերազմի վերսկսման ուղղությամբ, ինչին անողոքաբար տանում են ներկայումս Ադրբեջանում գործող ուժերը, մենք համոզված ենք, որ հայկական բանակի նորանոր հաջողությունների պարագայում կազատագրենք առաջին հերթին Դաշտային Ղարաբաղը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

