Ո՞Վ ԿՍՏԱՆՁՆԻ ԼԻԴԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ
Արխիվ 12-16Ո՞Վ ԿՍՏԱՆՁՆԻ ԼԻԴԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ
Ըստ էության, խորհրդարանական ընդդիմադիր թեւում կատարյալ քաոս է տիրում: Այսօր ընդդիմությունը պայքարում է ոչ թե իշխանության համար, այլ զբաղված է ինքնախարազանմամբ ու ներքին հաշիվները մաքրելով: ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում վաղուց արդեն իրար չեն հասկանում, ՀԱԿ-ում բացահայտ թեժ կոնֆլիկտ կա, դե իսկ ՀՅԴ-ին էլ ոչ ոք առանձնապես ընդդիմադիր չի համարում, ընդդիմության հովանավոր այլընտրանքն էլ` ԲՀԿ-ն, այս ընթացքում «թայմաութ» վերցրեց ու փորձում է ճգնաժամից դուրս գալ: Ստացվում է, որ այս իրավիճակում միակ քիչ, թե շատ համերաշխ ընդդիմադիր խմբակցությունը «Օրինաց երկիրն» է: Հետեւաբար հենց ԱԺ ՕԵ խմբակցության քարտուղար ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻՑ էլ փորձեցինք պարզել, թե, ի վերջո, ո՞վ է ստանձնելու լիդերությունն ընդդիմադիր դաշտում.
- Չեմ ուզում որեւիցե մի կուսակցության մասին խոսել, բայց եկեք փորձենք հասկանալ ինչ է իրականության մեջ կատարվում եւ ով ինչպիսի դիրքերում է գտնվում: Երբ մենք խոսում ենք «Օրինաց երկիր» կուսակցության մասին, ապա, իսկապես, Դուք ճիշտ նշեցիք, մենք համեստորեն ասած ամենակարգապահ ուժերից ենք: Այստեղ կարեւոր է նաեւ, թե ով է կուսակցության առաջնորդը: Բազմաթիվ երկրներում, այդ թվում եւ արեւմտաեվրոպական կուսակցության ղեկավարն ու կուսակցության կառույցները մեկ ընդհանրականություն են դիտվում: Չեմ ուզում ուղղակի գովել, բայց իրականությունն է այդպես, Արթուր Բաղդասարյանը քաղաքական մեծ ճանապարհ անցած, հսկայական փորձ ունեցող քաղաքական գործիչ է եւ այս տեսանկյունից մեր գործունեությունն ուղղված է համախմբելու համար մեր քաղաքացիների այն մասին, որն ուզում է պայքարել, որը ցանկանում է տեսնել նոր Հայաստան: Դրա հետ միասին մենք քաղաքակիրթ պայքարի ճանապարհով ենք գնալու, որտեղ, իհարկե, կոշտ ելույթներ ու դիրքորոշումներ էլ կլինեն: Մեր քաղաքացիները պետք է հասկանան մի շատ պարզ բան, հատկապես այն մարդիկ, ովքեր խոսում են, բայց հետո ընտրությունների ժամանակ 5 հազար դրամով ձայն են տալիս, եթե իրականում ուզում եք փոփոխություններ, ապա պետք է ազատվել 5 հազար դրամով ձայն տալու մեխանիզմից: Եթե մարդ իսկապես ուզում է իր ապագան ստեղծել, պետք է դուրս գա սեփական ձայնը վաճառելու այս խիստ բացասական մոտեցումներից: Եվ եթե խոսում ենք ֆեոդալներից ազատվելու մասին, որպեսզի քյոխվեք չլինեն մեր քաղաքական դաշտում, ապա առաջինը մեր քաղաքացիների մոտեցումները պետք է փոխվեն, որովհետեւ վերջիվերջո դրանք փոխկապակցված են: Իսկ «Օրինաց երկրը» լինելու է հետեւողական, ակտիվ եւ փորձելու ենք ինչ-որ մի բան անել մեր երկրի եւ պետության համար, այդ թվում` օգտագործելով դեմոկրատական պայքարի տարբեր ուղղություններ: Մենք արդեն 18 տարի քաղաքական դաշտում ենք եւ միշտ ստանում ենք մեր քաղաքացիների վստահությունը: Իսկ թե ինչպիսին կլինի ապագան, կտեսնենք, մենք կողմնակից ենք, որպեսզի ընդդիմադիր դաշտը լինի դինամիկ, աշխատող, որովհետեւ այլ տարբերակով հնարավոր չէ: Եվ մենք կողմնակից ենք, որպեսզի քաղաքական ինստիտուտները ձեւավորվեն:
- Ըստ Ձեզ, տարբեր ուժերի հանրահավաքներից հիասթափված ժողովուրդը այլեւս կգնա՞ որեւէ ուժի հետեւից:
- Այսօրվա իրավիճակը եւ ստեղծված հիասթափությունը դրական չէ քաղաքական դաշտի ձեւավորման համար: Ակտիվ քաղաքացիական դիրքորոշումներ են պետք, քաղաքացիները պետք է մասնակցեն քաղաքական դաշտի կայացմանը, եւ այդ մասնակցությունը պետք է լինի բարձր մակարդակով: Այդ մասնակցությունը, եթե չեղավ, բնականաբար, ոչ մի լավ բան չի լինի ո՛չ դեմոկրատիայի, ո՛չ Հայաստանի ապագայի հետ: Իսկ մենք որտեղ էլ լինենք, այդ ժողովրդավարութունը պետք է կառուցենք, այլ տարբերակ չկա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

