ՎԵՐԵՎՈՒՄ ԵՐԿԻՆՔՆ ԷՐ ՇՆՉՈՒՄ, ՆԵՐՔԵՎՈՒՄ՝ ԵՐԿԻՐԸ… ԿՈՄԻՏԱՍ

Արխիվ 12-16

ՎԵՐԵՎՈՒՄ ԵՐԿԻՆՔՆ ԷՐ ՇՆՉՈՒՄ, ՆԵՐՔԵՎՈՒՄ՝

ԵՐԿԻՐԸ… ԿՈՄԻՏԱՍ

 


<<Վերև երկինքն է շնչում, ստորև երկիրը. վերն աշխատում են լուսինն ու աստղերը և հողմավար ամպերը, վարը՝ գութանն ու շինականը և գործավար եզները. վերև՝ կյանքն ու ստորև՝ ջանքը հուզում են միտքն ու սրտի լարերը: Շունչ է առնում շինականը ու շունչ տալիս իր շուրջը: Թև է առնում գութանն ու թև տալիս մշակին՝ պատռում է արտը, դիզում հողակույտ ալիքներն աջ ու ձախ և ձևում ոսկի ակոսների շարը… Շինականի կյանքի մութն ու լույսը, գործն ու հույսը ծնում են մեր գողտրիկ գութաներգը>>,- ժողովրդական ստեղծագործության զուլալ ակունքներից բխող երաժշտության այս բնութագիրը Կոմիտասինն է: Արձակ բանաստեղծություն հիշեցնող այս տողերն եմ հիշում՝ ունկնդրելով <<Հորովելը>>՝ սանթուրահար Թեհմինե Ջերեջյանի կատարմամբ: Հնարավո՞ր է արդյոք սանթուրի լարերի հնչողությամբ հաղորդել հորովելի հոլովույթը՝ այնքան ամբողջական, ջինջ, հողեհոտ, բնությանն ուղղված աղոթքի պես անկեղծ ու անեղծ: Սեդրակ Երկանյանի գործիքավորմամբ այնքա՜ն ծանոթ մեղեդին մի նոր հնչողություն, յուրօրինակ մեկնություն է ստանում: Երկնքին ուղղված մի հայացք կա բնությանը ներդաշնակ ապրող ու շնչող հողի մշակի հոգուց բխած այդ մեղեդիում, որ հիմա վետվետում է սանթուրի լարերով:

<<Տաղարան>> համույթի՝ այս տարվա անդրանիկ համերգն է՝ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Անցյալ՝ աշնանային համերգաշրջանին Սեդրակ Երկանյանի ղեկավարած համույթի բոլոր բեմելույթները տարբերվել են մեկը մյուսից ոճով ու երգացանկով՝ Կոմիտասի երկանյանական <<ընթերցումներ>>, բարոկկո երաժշտություն, միջնադարյան դասական երաժշտության կատարումներ, ամեն անգամ՝ տարբեր մենակատարներով, նոր ձայներով, հանրահայտ ստեղծագործությունների հեղինակային գործիքավորումներով, որ յուրովի մեկնություններ են հաղորդել այդ գործերին:

<<Տաղարանի>> նոր համերգաշրջանի մեկնարկը տրվում է՝ ավանդական և հայ հեղինակային գործիքային երաժշտության մատուցմամբ: <<Զեբակին>> երժշտական մի ամբողջական հակիրճ պատում է՝ հոգեպարար,հոգեխռով ու քնքշությամբ լի, երաժշտական մի մանրակերտ ստեղծագործություն՝ ժողովրդական վարպետների մտածողությամբ հյուսված, անչափ հայեցի:

Կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի <<Էլեգիայի>> քնքշաթույր ելևէջներն են հոսում քանոնահար Մարիաննա Գևորգյանի մատներից: Մարիաննան մենանվագներ ունի նաև <<Շարանում>>, որ պարեղանակների միահյուսում է՝ մե՛րթ արագ-թրթռուն, մե՛րթ քնքուշ-մեղմասահ, մե՛րթ խրոխտ-վճռական: Զարմանալի հնչողություն ունի ուդը: Այս հնագույն գործիքը հնչեցնում է մենակատար Լուսինե Դավոյանը: Հայկական մեղեդիների ընտրանին՝ համահավաք, փնջված տարբեր տրամադրությունների ծնունդ ժողովրդական երգերի մեղեդիներից՝ սահուն անցումներով, ներկայանում է ուդի նվագով: Դահլիճում անու՜շ-անու՜շ սփռվում է Հասմիկ Հարությունյանի շուրթերին հպված բլուլի ձայնը: Բլուլը սրինգ է, շվի, փող: <<Հովվի երգն>> այդ շուրթերից այնպե՜ս սրտառուչ է հնչում. հեռավոր հովիտների, զեփյուռների, ծաղկավետ մարգագետինների գրկում մարդկային չաղարտված հոգու կանչի ջինջ արձագանքն է՝ աղո՛թք բնությանը:

Եվ ո՜վ կարող է այդպես ճշգրիտ հաղորդել հույզը սիրո կանչի, գեղջկական հոգու ելևէջումներն անխարդախ՝ կարոտող, կանչող… <<Հա՜, յա՜ր>>՝ մորմոքում է Արտակ Ասատրյանի դուդուկը, մարդու ձայն լինի ասես, տոչորում է, խփվում պատեպատ, արձագանք տալիս ձորերի խորխորատներում, սիրածի կարոտը քաշելով դողում, ձգվում երկար ու մարում հուսաբեկ: Դուդուկով կատարմամբ <<Ծիրանի ծառի>> շրշյունի ներքո երազում է դահլիճը, մորմոքում: Ա. Ասատրյանի ևս մի կատարում՝ մեր արմատներից հոսող: Ս. Երկանյանի գործիքավորմամբ ծանոթ մեղեդիները՝ կենդանի հնչողությամբ, ունկնդրի համար մի-մի հայտնություն են ասես: Դրանցից շատերը, հյուսվելով անհիշելի ժամանակներում և հաղթահարելով ժամանակների բերած բոլոր փորձությունները, հասել են մեզ: Եվ ապրում են այսօր, քանի որ ունեն վարպետ կատարողներ ու այդ կատարումները գնահատող հանդիսական: Եվ երբ այդ զուլալ մեղեդիներն են հնչում <<Տաղարանի>> կատարմամբ, վերևում երկինքն էր շնչում, ներքևում՝ երկիրը…


Հասմիկ Սարգսյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում