ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԸ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ
Արխիվ 12-16ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԸ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում ՀՖՖ նախագահ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ նախագահությամբ տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի նիստը: Օրակարգում ընդգրկված հարցերի թվում էին "Գանձասար" ֆուտբոլային ակումբի մարզիչների եւ ֆուտբոլիստների կողմից ներկայացված դիմումների, ինչպես նաեւ ստեղծված արտակարգ իրավիճակի քննարկումը, մանկապատանեկան առաջնությունների կազմակերպման կանոնակարգման եւ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գործընթացում կատարվելիք փոփոխությունների առաջարկը եւ այլն:"Գանձասարի" հետ կապված` պարոն Հայրապետյանը նշել է. "Թիմի նախկին սեփականատերերը հրաժարվել էին ակումբը պահելուց: 28 ֆուտբոլիստներ եւ մարզիչներ դիմել էին ֆեդերացիային, որ այդ հարցին լուծում տանք: Իրականում Պղնձամոլիբդենային գործարանը չի հրաժարվում ֆինանսավորել ակումբը, նրանց տնօրենը ներկա էր նիստին: Նա ասաց, որ պատրաստ են ֆինանսավորել, ուղղակի, նախկին սեփականատերերն ասում են` թե թող փողերը փոխանցեն իր հաշիվների վրա, եւ այդ կերպ շարունակեն ֆինանսավորումը: Դրա համար մենք թույլատրեցինք, որ գրանցեն "Գանձասար Կապան" ակումբը, որը կհանդիսանա իրավահաջորդ եւ կլինի կոմբինատի սեփականությունը: Տարիներ շարունակ գործարանը ֆինանսավորել է ուրիշի ակումբը, իսկ բարեգործի կերպարով ակումբ պահելը եղել է այլ մարդու մենաշնորհը: Ինձ վրդովեցնում է մեկ այլ փաստ, որ լրատվամիջոցներով կոչ է անում երկրպագուներին դուրս գալ կոմբինատի դեմ, մինչդեռ կոմբինատի ղեկավարները ցանկանում են պահել ակումբը եւ սրտացավ են Կապանի ֆուտբոլի համար":
Այն, որ "նախկին սեփականատեր" ասվածն ընդամենը կոմբինատի նախկին տնօրեն, ոչ անհայտ Մաքսիմ Հակոբյանն է, հայտնի փաստ է: Ըստ շրջանառվող լուրերիª նա պաշտոնանկության շեմին թիմի հետ կոմբինատի անունից կնքել է պայմանագիր, սակայն այնքան տարօրինակ, անձնավորված պայմաններով, որ նոր ղեկավարությունը ոչ մի կերպ չհամաձայնեց կատարել, այսինքն, որ փողն իրենք տան, լավամարդը նախկին տնօրենը լինի:
Իհարկեª այս պատմության արդյունքում մեկ բան է հաստատ, թե ինչ տարօրինակ պայմանագրերից ու անձնական քմահաճույքներից է կախված, առանց այդ էլ հազիվ շնչող, հայկական ֆուտբոլը: Չնայած դա "նորմալ" է, երբ հաշվի ենք առնում, որ ՀՖՖ-ի ոչ պակաս տարօրինակ գործելաոճը: Թեկուզեւ այս դեպքում. ՀՖՖ Գործկոմի նիստը լուսաբանելու համար հրավիրվել են միայն մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնց հարցերին էլ պարոն Հայրապետյանը պատասխանել է նիստից հետո: Եվ քանի դեռ Ռուբեն Հայրապետյանը առաջնորդվում է ցանկալի եւ թույլատրելի հարցերի ընտրությամբ, քանի դեռ հայաստանյան ֆուտբոլի հետ կապված ամեն ինչ դառնում է յոթ փակի տակ պահվող գաղտնիք, մինչեւ ՀՖՖ նախագահը նույն կերպ տեղեկություններ կտա, ապա հայ ֆուտբոլասերներն էլ ստիպված են ֆուբոլային ծարավը հագեցնել` այլ երկրների առաջնությունները դիտելով:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

