ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԶՈՐԱՎԱՐ
Արխիվ 12-16Անկնալճի եզդիական սրբատեղիում նշվեց Անդրանիկ Զորավարի ծննդյան 150-ամյակը: Այստեղ հավաքված եզդիները եւ հայերը հավաստեցին այն մեծ բարեկամության շարունակության մասին, որ ունեցել են Անդրանիկ Զորավարը եւ Ջհանգիր աղան:
Հանդիսությանը ներկա Ջհանգիր աղայի որդի Սուրեն Խատոյանն իր հուզառատ ելույթում ընդգծեց, որ իր հոր եւ Անդրանիկ Զորավարի բարեկամությունը թրծվել է ազգային-ազատագրական կռիվներում եւ նրանք միշտ միմյանց կողքին են եղել, երբ դրա կարիքը եղել է: Նա ասաց նաեւ, որ Հայաստանից հեռանալուց առաջ, Ջհանգիր աղան այն եզակիներից էր, ում հետ ցանկացավ հանդիպել Անդրանիկ Զորավարը:
Բնականաբար, բոլոր բանախոսների խոսքը Անդրանիկ Զորավարին էր նվիրված` ներկայացնելով այն արժանիքները, որ ուներ մեծ հայը եւ բարեկամասերը:
Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, ով հոգեւոր ծառայություն է վարել նաեւ Բուլղարիայում, հիշում է այն պատվի եւ հարգանքի մասին, որ ուներ Զորավարն այդ երկրում:
Շեյխ Հասան Հասանյանը աղոթքից հետո շեշտում է այն ջերմ վերաբերմունքը, որ ունեցել է Անդրանիկ Զորավարը եզդի ժողովրդի եւ նրա զավակների նկատմամբ: Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը ընդգծեց այն բարեկամությունը, որ ունեցել են մեր երկու ժողովուրդները: Եզդի երիտասարդների անունից հանդես եկած Խդր Հաջոյանը նշեց, որ ավանդույթները փոխանցվում են երիտասարդներին, եւ իրենք այսօր այդ ամենի կրողներն են:
Գրող-հրապարակախոս Ռաֆիկ Սահակյանը դրվագներ հիշելով զորավարի կյանքից` նշեց, որ մինչեւ վերջ իր ազգին նվիրված մարդ-անհատականությունը այլ կերպ չէր կարող լինել: Իսկ պատմաբան Սարգիս Բադալյանը ներկայացրեց Մեծ հայի եւ Զորավարի կյանքի եւ գործունեության հիմնական դրվագները, որով անցնում է անսահման նվիրումը եւ սերը իր ազգի եւ նրա բարեկամների նկատմամբ:
Միջոցառման նախաձեռնողը Ակնալճի սրբատեղիի հիմնադիր-հովանավոր Միրզա Սլոյանի ընտանիքն էր, ում ջանքերով 2014 թվականի սեպտեմբերի 29-ին, ի թիվս այլ հուշարձանների (Հայ-եզդիական բարեկամության, Ջհանգիր աղայի, Ուսուբ բեկի, Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված) տեղադրվել էր նաեւ Անդրանիկ Զորավարի արձանը:
Միջոցառման ավարտին մեր թղթակիցը հեռախոսով զրուցեց Միրզա Սլոյանի հետ. "Այնպես է ստացվել, որ այս պահին չեմ կարող ձեզ հետ լինել Ակնալճի սրբավայրում,- ասաց նա,- բայց իմացեք, որ հոգով ու սրտով ձեզ հետ եմ եւ ձեզ հետ միասին ուզում եմ մեծ հայ մարդուն, եզդիների լավ բարեկամին ասել. "Ծնունդդ շնորհավոր, Մեծ Զորավար":
Հենց ինքն է ասում. "Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության: Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի եւ պայքարել եմ միայն մի բանի` իմ հարազատ ժողովրդի ազատության եւ բարեկեցության համար: Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը եւ ցանկանում եմ միայն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում":
Անդրանիկ Զորավարը գիտեր ճիշտ բարեկամության արժեքը եւ պատահական չէր, որ նա մեծ բարեկամություն ունեցավ Ջհանգիր աղայի, Ուսուբ բեկի, եզդի ժողովրդի արժանավոր զավակների հետ եւ այդ ջերմ հարաբերությունները պահպանեց մինչեւ իր կյանքի վերջը:
Պատահական չէ, որ նա 1919 թվականին` Հայաստանից հեռանալուց առաջ, ցանկացավ հանդիպել Ջհանգիր աղայի հետ, որը տեղի ունեցավ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի բակում` ասելով` ես գնում եմ, դու մնում ես, քանի որ պետք ես այս երկրին:
Ուրախ եմ, որ մեր սրբատեղիում իր հավերժական տեղը գտավ Անդրանիկ Զորավարի արձանը, ում կյանքը մեզ` հայերիս ու եզդիներիս սովորեցնում է միշտ լինել խիզախ ու արի, հանուն հայրենիքի պայքարող ու անմնացորդ նվիրվող:
Միջոցառման կազմակերպմանն աջակցել էր "Լոռվա ձոր" հայրենակցական միությունը: Նրա նախագահ Սերգո Երիցյանն ասաց, որ երբ ստեղծվում էր հուշարձանային համալիրը, Միրզա Սլոյանն այն չէր պատկերացնում առանց Անդրանիկ Զորավարի արձանի: Այսօրվա միջոցառումն էլ ցույց տվեց, որ այս եւ մյուս արձանները սրբավայր են դառնում ժողովրդի համար: Տոնակատարությանը եկել էին մեծ ու փոքր, մանուկ ու ծեր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայ մեծ զորավարի, եզդի ժողովրդի լավ բարեկամի հիշատակին, որպեսզի մեկ անգամ եւս միասին ասենք.
Ծնունդդ շնորհավոր, զորավար:
ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ
Երեւան-Արմավիր-Ակնալիճ

