Ի՞ՆՉ Է ՏՎԵԼ ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼԸ ԱՅՍ ԱՌԱՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ
Արխիվ 12-16Հունվարի 2-ից Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ` Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ միասին: Թե այս երկու ամիսների ընթացքում ինչ ազդեցություն է ունեցել ԵՏՄ-ն Հայաստանի մաքսային եւ հարկային ոլորտների վրա, փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՀ ֆինանսների նախարար ՎԱԽԹԱՆԳ ՄԻՐՈՒՄՅԱՆԻՑ, ով մասնավորապես ասաց.
-Դեռ երկու ամիս է անցել, եւ ասել, թե ինչ փոփոխություններ եւ ինչ անդրադարձներ կան, վաղ է: Բայց որ ԵՏՄ անդամակցությունը դրական ազդեցություն է ունեցել եւ կունենա Հայաստանի տարբեր ոլորտների վրա, դա միանշանակ:
- Կոնկրետ մաքսային եւ հարկային ոլորտներում այս պահի դրությամբ կա՞ն տեսանելի ինչ-որ փոփոխություններ:
- Իհարկե, մաքսային ոլորտում դրական տեղաշարժ կա: Մասնավորապեսª ազատականացումը եւ մաքսային ընթացակարգերի պարզեցումը: Կարող եմ ասել նաեւ, որ արտահանման դեպքում եւս բիզնեսի ծախսերը կտրուկ նվազել են, որովհետեւ մենք ունենք ապրանքների ազատ տեղաշարժ, ավելի քիչ թղթատարություն, ավելի պակաս մաքսային ընթացակարգեր: Իսկ այդ ամենը, հասկանալի է, դրական է ազդում բիզնեսի վրա: Ճիշտ էª ռուբլու արժեզրկումը ինչ-որ չափով ազդում է արտահանման վրա, բայց դա արդեն ԵՏՄ անդամակցության հետ կապ չունի ու ժամանակի ընթացքում այդ խնդիրն էլ կհարթվի:
ԵՏՄ-ի մեկ այլ դրական եւ ակնառու ազդեցություններից մեկն է այն է, որ Հայաստանի քաղաքացիները փոստով առաքվող ապրանքների եւ հանրապետություն մուտք գործելիս` ուղեկցող բեռների համար ավելի մեղմ մաքսային ռեժիմի են ենթարկվում: Իհարկե, բեռի սահմանափակումներ կան` 50 կգ ուղեկցող բեռների համար եւ 30` փոստային: Իսկ երբ ներմուծումն իրականացվում է ակնհայտորեն առեւտրային նպատակներով, ապա այդ դեպքում հարկերը հաշվարկվում եւ գանձվում են: Բայց նույնիսկ այդ դեպքում մաքսատուրքը կազմում են առեւտրային ապրանքների համար նախատեսված ոչ թե 10%-ը, այլ 2,5%-ը:
Իսկ թե մեր ներքին հարկային ոլորտում ինչ փոփոխություններ են նկատվել, ապա պետք է գոնե եռամսյակային վերլուծություններ արվեն, հետո նոր նախնական ամբողջական պատկեր կստանանք:
Անդրադառնալով նաեւ երեկ ԱԺ-ում բուռն քննարկվող "Շահութահարկի մասին" օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ որոշ պատգամավորների հնչեցրած հակափաստարկներին` փոխնախարարն ասաց.
- Զարմանում եմ, այդ նախագծի հիմնական միտքը հավելյալ արտահանում ապահովելն է, դրա հետ ո՞նց կարելի է չհաշտվել: Մենք ասում ենք, որ չենք խոսում արտահանման ձեւի մասին, այսինքն չենք խոսում կենտրոնացված արտահանումների կազմակերպման մասին. մենք ասում ենք` օրենքը նպատակ ունի, որպեսզի ՀՀ-ից ապահովվի հավելյալ արտահանում: Կարծում եմ, ամեն դեպքում, մտահոգությունները, որոնք որ կան, զուտ տեսական հարթությունում են, եւ կառավարությունն էլ, բնականաբար, հավանության է արժանացնում այն ծրագրերը, որոնք որ հավելյալ արտահանմանն են ուղղված:
- Բայց նաեւ ԱԺ-ում հնչեց տեսակետ, թե ինչու եք շտապում, որ այս օրենքի նախագիծը հնարավորինս արագորեն ընդունվի: Եվ ենթատեքստն էլ այն է, թե սա ինչ-որ կոնկրետ բիզնեսների համար է արվում:
- Հարցը միայն այն է, որ սա դրական նախաձեռնություն է, իսկ դրական նախաձեռնությունների ընդունումը կնպաստի, որ պոտենցյալ արտահանում իրականացնողներն ավելի արագորեն ձեռնարկեն իրենց քայլերը: Լրացուցիչ արտահանում ունենալու համար պետք է լրացուցիչ պահանջարկ խրախուսել, որի համար առաջակվող հարկային գործիքը միայն շահութահարկն է, որովհետեւ արտահանումը չի հարկվում անուղղակի հարկով: Ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել, որ տեղական արտադրողների ու արտահանողների համար այս օրինագիծը որեւէ խոչընդոտ չի ստեղծում, քանի որ նրանք կարող են գործել իրենց նախընտրելի ցանկացած եղանակով:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

