"ԴՊՐՈՑԱԿԱՆ" ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԸ "ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾ" ԵԶԴԻ ՀԱՍԱ՞ՆՆ Է
Արխիվ 12-16"ԴՊՐՈՑԱԿԱՆ" ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԸ "ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՆՑԱԳՈՐԾ" ԵԶԴԻ ՀԱՍԱ՞ՆՆ Է
Օրարս Երեւանի թիվ 195 ավագ դպրոցի մոտ մի խումբ աշակերտների միջեւ տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվեց դանակահարությամբ: Վեճի ժամանակ երկու 8-րդ դասարանցիներ դանակի վնասվածքներ էին ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Ըստ տարածված լուրերի` նրանց դանակով հարվածներ էր հասցրել կռվի մասնակիցներից մեկը` Սերյոժան, որը 195 դպրոցի 11-րդ դասարանում է սովորում: Հիվանդանոց տեղափոխվածներն այլ դպրոցի աշակերտներ են եղել:Թե սա արդեն որերորդ "դպրոցական" դանակահարությունն է, դժվար է հիշել: Բայց մեկ բան հաստատ է. գրեթե բոլոր նման դեպքերն էլ առաջ են եկել մի հասարակ պատճառից ու վերածվել ոչ միայն անձնական ողբերգության, այլ լուրջ հանրային խնդրի: Իսկ թե որն էր այս հերթական պատմության պատճառը, թե իրականում ինչ է եղել, փորձեցինք պարզել 195 դպրոցի տնօրեն ԱՆԱՀԻՏ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ.
-Նախ նշեմ, որ երեկ երեկոյան պարզեցի, որ այդ դեպքը նույնիսկ մեր դպրոցի բակում չի եղել, այլ կողքի դպրոցի բակում: Միջադեպի մասնակից աշակերտների խոսքով, ովքեր դրա մասին հայտնել են նաեւ ոստիկանությանը, դանակահարողը եղել է ազգությամբ եզդի տղա, ով ապրում է Երրորդ գյուղում, անունն էլ Հասան է:
- Էդ դեպքում ինչո՞ւ է Ձեր դպրոցի աշակերտը ներկայացել ոստիկանություն եւ ասել, որ ինքն է դանակահարողը:
- Մեր դպրոցի աշակերտին այդ օրը ստիպել են, սպառնացել են, որ ասի, թե ինքն է դանակահարողը, երեխային վախեցրել են: Ասում են, որ այդ Հասան կոչվածը շատ վտանգավոր հանցագործ տղա է: Իմ ունեցած, լսած տեղեկություններով` Հասանը 16-17 տարեկան տղա է:
- Իսկ Դուք տեսե՞լ, խոսե՞լ եք Ձեր աշակերտի հետ:
- Դեպքից հետո մեր դպրոցի աշակերտին դեռ ես չեմ տեսել, բայց զրուցել եմ իր դասընկերների հետ: Տղաներն ասում են, որ ի սկզբանե էլ համոզված էին, որ նման բան Սերյոժան անել չէր կարող: Մարդու բնավորությանը, էությանը ծանոթ լինելով` կարելի էր հասկանալ, որ նա ընդունակ չէր նման բան անելու: Բայց որ պնդում էին, որ ինքն է, հավատացեք. պահի տակ մենք էլ էինք շփոթվել: Բայց երեկ իմացանք, որ մեր աշակերտին վախեցրել են, ասել են, որ նա պետք է իր վրա վերցնի չկատարած հանցագործությունը, հակառակ դեպքում` այսպես կանեն, այնպես կանեն եւ այլն: Դրա հետ կապված` ես երեկ անձամբ զանգահարել եմ ոստիկանություն, խոսել եմ պետի տեղակալի հետ եւ խնդրել, որ դեպքի առթիվ պարզաբանումներ անեն: Որովհետեւ պարզվում է, որ ո՛չ դեպքն է տեղի ունեցել մեր դպրոցի բակում, ո՛չ դանակահարող տղան է մեր դպրոցի աշակերտը: Փաստորեն, ստացվում է, մեր դպրոցի անունը անտեղի մի քանի օր շահարկվել է, նույնիսկ կային մարդիկ, որ զանգում եւ հարցնում էին, թե ինչպես է ստացվել, որ դասի ժամանակ նման միջադեպ է եղել, այնինչ իրականում դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը: Բացի այդ, ինչպես վերը նշեցի, պարզվեց, որ դեպքը մեր դպրոցի հետ առհասարակ առնչություն չունի, դեպքի հերոսն էլ եղել է ոչ թե 195 դպրոցի աշակերտը, այլ ազգությամբ եզդի Հասանը:
Դեպքի մասին մանրամասներ փորձեցինք պարզել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանից, ով պատասխանելով մեր հարցին` արդյոք տարածված լուրը, որ դանակահարողը իրականում ազգությամբ եզդի երիտասարդն է, համապատասխանում է իրականությանը, խոսնակը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց` մասնավորապես ասելով.
- Միջադեպի օբյեկտիվ պատճառները պարզելու համար ընթանում է նախաքննություն, այլ մանրամասներ հայտնել` այս պահի դրությամբ, չեմ կարող:
- Իսկ մեղադրյալ կա՞:
- Գործի քննության շահերից ելնելով` ոչինչ ասել չեմ կարող, քննություն է ընթանում:
Ի դեպ, թեեւ 195 դպրոցի տնօրենը քանիցս ընդգծեց, թե դեպքն իրենց դպրոցի հետ կապ չունի, բայց ի՞նչ տարբերություն: Այս դպրոցն է եղել, թե` մյուսը, այս մի աշակերտն է մյուսին դանակահարել, թե` այն մեկը, բան չի փոխվում: Փաստն այն է, որ դպրոցական մի երեխան դանակահարել է մյուսին, իսկ նման դեպքերի առատությունը հուշում է, որ ամեն դպրոցում էլ նույնը կարող է լինել: Հենց սա է ողբերգությունը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

