ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԸª ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ԵԶՐԻ՞Ն
Արխիվ 12-16ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԸª ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ԵԶՐԻ՞Ն
Օրերս, ինչպես հայտնի է, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը Ազգային ժողովում ներկայացրեց հանձնաժողովի այս տարվա գործունեության ծրագիրը: Եվ ահա հերթական անգամ ջրի երես լողաց "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ¥ՀԷՑ¤ ընկերության չարաբաստիկ պարտքերի թեման:Պատասխանելով ԱԺ պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի հարցին, թե. "Վերջերս հաղորդագրություններ եղան, որ ՀԷՑ-ը խրվել է մեծ պարտքերի մեջ: Դա այդքան տագնապալի՞ է, որքան ներկայացվում է", պարոն Նազարյանը հերթական անգամ ակնարկեց բավականին ուշագրավ փաստերի մասին. "Այո, այսօր ՀԷՑ-ում կան ֆինանսական լուրջ խնդիրներ, որոնք պայմանավորված են տարբեր հարցերով: Առաջինը, որ նրանք վերցրել են ժամանակին կարճաժամկետ վարկեր, որոնք, մեր լեզվով ասած, լավ վարկեր չեն եղել, եւ դրանց սպասարկումը իր ետեւից բերում է բավականաչափ լուրջ խնդիրներ: Բացի դրանից` կա նաեւ մերª հանձնաժողովի մեղքը: 2012-2013-ին եւ 2013-14-ին մեր էլեկտրաէներգիայի արտադրության բալանսը, երբ կանխատեսումներ էինք անում եւ սակագների հաշվարկման հիմքում էինք դնում, չպահպանվեց այդ բալանսը: 2012-ին սակավաջուր տարի եղավ, բացի դրանից` ատոմակայանը չնախատեսված 88 օր չաշխատեց եւ մենք ստիպված եղանք ավելի թանկ էլեկտրաէներգիա արտադրող կայաններից նրանց արտադրած էլեկտրաէներգիան գնել: Արդյունքումª 27 մլրդ 600 մլն դրամի չնախատեսված վնաս կրեց "Ցանցերը": Այսօր այս երկու պատճառով ցանցը հայտնվել է վատ վիճակի մեջ: Բացի դրանիցª այն կորուստների նորման, որ մենք սահմանել ենք ցանցերի համարª 11,2 տոկոս, չի կարողանում պահպանել եւ փաստացի կորուստները ստացվում են 13 տոկոսից բարձր: Դա էլ իր հերթին տարեկան բերում է 2,5-3 միլիարդ դրամի կորուստներ...":
Եվ ահա այստեղ մեկ ուշագրավ հանգամանք նկատենք. շատերը թերեւս դեռ կհիշեն, որ անցած տարվա ընթացքում, երբ հանձնաժողովը երկրորդ անգամ բարձրացրեց էլեկտրաէներգիայի սակագինը, հենց այնª սակավաջրության եւ ատոմակայանի պատճառով առաջացած 27,6 միլիարդ դրամն էր պատճառաբանում: Այսինքնª դա հանձնաժողովի մեղքո՞վ է առաջացել, ինչպես ասում է պարոն Նազարյանը: Բայց չէ՞ որ այդ մեղքի համար սպառողն իր գրպանից է վճարում, եւ հարց է ծագումª ինչո՞ւ հանձնաժողովի գոնե պահակը ձեւի համար մի հասարակ նկատողության չարժանացավ...
Լավ, դա էլ մի կողմ. սպառողն իր "հարազատ" հանձնաժողովի մեղքը վերցրեց իր վրա: Դե ուրեմն ՀԷՑ-ի ներկայիս վատ, կամ ինչպես արդեն ասում ենª կատաստրոֆիկ վիճակի մնացած պատճառների մեղավորը ընկերությո՞ւնն է. այդպես է ստացվում պարոն Նազարյանի բացատրությունից: Անհասկանալի վարկեր, գերբարձր կորուստներ... եւ ինչպես որ այս թեման շարունակելով ասաց պատգամավոր Էդմոն Մարուքյանըª վատ կառավարում, վնասներ, կորուստներ, կեղծ ներդրումներ: Մի խոսքովª խայտառակ վիճակª չնայած գերբարձր սակագներին: Ու դրա համար նորից ժողովո՞ւրդը պետք է տուժի: Եվ ահա Ռ. Նազարյանի պատասխանը շատ ավելի հեռուն տանող մտքեր են առաջ բերում: "Ես հարցը բաժանել եմ երկու մասի: Այսօր ՀԷՑ-ը վատ ֆինանսական վիճակում է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դա ամբողջությամբ փոխհատուցենք: Այդ վատ վիճակը բաղկացած է երկու մասից: Առաջինը, ինչպես դուք նշեցիք, վատ մենեջմենտի արդյունքում է ձեւավորվել: Մյուս մասըª այդ բալանսների սահմանման կանխատեսումների ժամանակ չի պահպանել եւ եկամուտներ պակաս է ստացել: Եվ ոչ թե տարիներ շարունակ, այլ այս երկու տարիներին... Մյուս մասը մենք սակագնի մեջ չենք ներառելու. դա ընկերությունը պարտավոր է իր շահույթների հաշվին փակել եւ ինչպես ուզում է, թող փակի, դա իր խնդիրն է, դրա համար էլ այս վիճակն իր մոտ առաջացել է...":
Ահա այստեղ է, որ հասնում ենք այս պատմության կիզակետին. չնայած անցած տարի էլեկտրաէներգիան երկու փուլով թանկացրին մոտ 40 տոկոսովª խոստանալով, թե դա ընկերության վիճակը կկարգավորի, սակայն հիմա պարզվում է, որ ոչինչ էլ չի կարգավորվել, դեռ "ՀԷՑ-ում կան ֆինանսական լուրջ խնդիրներ": Ընդ որում, այս օրերին հնչում են ՀԷՑ-ի ունեցած պարտքերի մասին տարբեր տվյալներª 150 միլիոն դոլարից մինչեւ 300 միլիոն: Իսկ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ հետեւյալ թիվն է մատնանշում. "Դուք խա՞ղ եք անում 250 մլն դոլար պարտքի հետ` ֆիքսված մարժայով աշխատելիս": Եվ այս թվերից որն էլ լինի իրականությունը, խնդրի էությունը նույնն է մնում: Այսպեսª Բագրատյանը հիշեցնում է նաեւ, որ գործող սեփականատերը նախորդիցª տխրահռչակ օֆշորային "Միդլենդ ռեսուրսիզ հոլդինգից" ՀԷՑ-ը գնել է 80 մլն դոլարով: Եվ ինչքան էլ դրանից հետո ներդրումներ արված լինեն, ընկերության ներկայիս շուկայական արժեքը հազիվ թե կրկնապատկված լինի: Այսինքն, եթե Բագրատյանի ասած 250 միլիոնը նույնիսկ մի 100 միլիոն դոլարով էլ չափազանցված լինի, էլի պետք է ենթադրել, որ ընկերության պարտքերը գերազանցում են նրա շուկայական արժեքը: Իսկ դա արդեն սնանկության նմանվող իրավիճակ է:
Ինչո՞ւ է այսպես ստացվել. դժվար չէ կռահել, հաշվի առնելով այն սկանդալային պատմությունները, թալանի մասին խոսակցությունները, որոնք բազում անգամներ շրջանառվել են ՀԷՑ-ի անվան շուրջ: Բայց տվյալ դեպքում անգամ սա չէ էականը: Թե ինչ ռազմավարական նշանակություն ունի ՀԷՑ-ը Հայաստանի համար, նույնիսկ ասելու կարիք չկա: Նույնպես դժվար չէ կռահել, թե ինչ տեղի կունենա, եթե մի գեղեցիկ օր այս ընկերությունն իրոք գնա սնանկացման: Այ, հենց սա է ամենագլխավորը...
Բայց մինչ այդ էլ չմոռանանք, որ տարիներ առաջ, երբ հայաստանյան էներգետիկ բաշխիչ ցանցերը կոպեկներովª 12 միլիոն դոլարով մասնավորեցրին, "հիմնավորում էին", թե դա արվում է, որ նոր տերերը կործանումից փրկեն ու կայուն համակարգ ստեղծեն, թե ամեն ինչ չափած-ձեւած է, բոլոր երաշխիքները կան եւ այլն: Ուրեմն այս վիճա՞կն էր այդ խոստումների գագաթնակետը, եւ ո՞վ պետք է պատասխան տա այդ մեծ "աֆյորայի" համար:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
"Այո, այսօր ՀԷՑ-ում կան ֆինանսական լուրջ խնդիրներ... Այդ վատ վիճակը բաղկացած է երկու մասից: Առաջինը, ինչպես դուք նշեցիք, վատ մենեջմենտի արդյունքում է ձեւավորվել: Մյուս մասըª այդ բալանսների սահմանման կանխատեսումների ժամանակ չի պահպանել եւ եկամուտներ պակաս է ստացել... Մյուս մասը մենք սակագնի մեջ չենք ներառելու. դա ընկերությունը պարտավոր է իր շահույթների հաշվին փակել եւ ինչպես ուզում է, թող փակի, դա իր խնդիրն է, դրա համար էլ այս վիճակն իր մոտ առաջացել է...":
ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆ

