"ԻՆՁ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԴԱՐՁՐԵՑ ԴԱՌԸ ԿՅԱՆՔԸ"
Արխիվ 12-16"Իրավունքը" պարբերաբար անդրադառնում է հայաստանյան տարբեր ՔԿՀ-ներում պատիժը կրող դատապարտյալների պատմություններինª փորձելով հասկանալ, թե ինչն է մարդկանց հասցնում կալանավայր: Մեր հերթական զրուցակիցը` Արմանը (անունը դատապարտյալի ցանկությամբ փոխված է) առաջին անգամ չէ, որ հայտնվում է կալանավայրում. նա նախկինում երեք անգամ գողություն կատարելու համար դատապարտված է եղել: Այժմ դատապարտված է ավազակային հարձակման համար: Ութ տարի պատիժը կրել է "Արթիկ" ՔԿՀ-ում, իսկ այժմ տեղափոխվել է նորակառույց "Արմավիր" ՔԿՀ:
-2006 թվականին եմ դատապարտվել: Ութ տարի վեց ամիս արդեն նստած եմ… Նոր եմ տեղափոխվել "Արմավիր" ՔԿՀ:
- Ասացիք, որ մինչ այս` երեք անգամ դատապարտված եք եղել: Ի՞նչը Ձեզ մեկ անգամ եւս ստիպեց բռնել կալանավայրի ուղին:
- Չէի կարողանում աշխատանք գտնել, որտեղ դիմում էի` թեկուզ որպես բանվոր` չէին ընդունում: Իսկ ես ընտանիք ունեի` երեխաներ, ովքեր տանը նստած` սպասում էին, որ հեսա պապան կգա` հաց կբերի: Գիտե՞ք, հեշտ է դատապարտելը, կողքից քննադատելը, բայց ոչ ոք, հավատացեք, լավ կյանքից չէ, որ դառնում է հանցագործ: Ճիշտ է, ես չեմ արդարացնում իմ հանցանքները, բայց ինձ հանցագործ դարձրեց ինձ բաժին հասած դառը կյանքը: Միայն հիմա` ճաղավանդակներից այն կողմ, երբ վերլուծում եմ կատարածս անօրինական արարքները, հասկանում եմ, որ հնարավոր է, եթե տարիներ առաջ էս մտածելակերպս ունենայի, հանցագործ չդառնայի, չգիտեմ...
- Ի՞նչ տվեցին Ձեզ կալանավայրում անցկացրած վերջին ութ տարիները:
- Գիտե՞ք, ինքս էլ եմ ինձ միշտ նույն հարցը տվել, թե ինչ տվեց ինձ գաղութը: Ու դրա պատասխանը մեկն է` գաղութն ինձ ստիպեց գնահատել ազատ կյանքի տված հնարավորությունները, հասկացա, որ մարդը չի կարող անվերջ թալանելով, ուրիշներին ցավ պատճառելով` պահել իր ընտանիքը, էրեխեքին:
Չնայած դժվար թե հավատաք, բայց ես իսկապես զղջում եմ ոչ միայն կատարածս հանցանքների, այլեւ ապրածս սխալ կյանքի համար: Գաղութի չորս պատերն ստիպում են մարդուն` վերանայել ապրած կյանքը: Ինձ համար գաղութը կյանքի ամենամեծ դպրոցն էր, որովհետեւ միայն այստեղ, ափսոս ուշ, բայց հասկացա, որ ազատությունից քաղցր բան չկա: "Թեկուզ սոված, անկոշիկ ու անշոր լինես, բայց խիղճդ հանգիստ ազատության մեջ լինես",- սա իմ կյանքի նշանաբանն է, որը հասկացա միայն վերջին անգամ դատվելուց հետո:
- Հնարավո՞ր է, որ պատիժը կրելուց հետո նորից անօրինական ճանապարհով գնաք, ու կրկին հայտնվեք կալանավայրում: Շատերը կան, որ տարիների ընթացքում այնքան է վարժվում "գաղութին", որ արդեն ազատության մեջ չեն կարողանում դիմանալ: Իսկ Դուք արդեն պատկառելի "գաղութային" կյանք ունենք:
- Չէ, հաստատ չէ: Արդեն էրեխեքս իմ բոյին են, հետո արդեն տարիքս էլ էն չի, եւ ամենակարեւորը, ինչպես ասացի, ես արդեն սովորել եմ գնահատել ազատությունը: Երբեք չեմ վերադառնա գաղութ:
- Ինչո՞վ եք զբաղվելու, երբ հայտնվեք ազատության մեջ:
- Կփորձեմ առաջին հերթին աշխատանք գտնել, չնայած գիտեմ, որ իմ դեպքում մի քիչ դժվար կլինի... Ամեն բան կանեմ, որ լրացնեմ գաղութում անցկացրած տարիներիս բացը…
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

