ՀՌԱՀ ՏՆՕՐԵՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ, ՈՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՂԱՆԴ ՔԱՐՈԶՈՂ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐ
Արխիվ 12-16ՀՌԱՀ ՏՆՕՐԵՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ, ՈՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ
ԱՂԱՆԴ ՔԱՐՈԶՈՂ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐ
ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը ՀՌԱՀ ի տնօրեն ԳԱԳԻԿ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻՆ հարցրեց` արդյո՞ք ՀՌԱՀ-ը տեղյակ է, թե մեր հեռուստալիքները կրոնական այլ հոսանքների քարոզչություն անո՞ւմ են, թե` ոչ: "Չեմ ուզում "աղանդներ" բառն օգտագործել, բայց վերջերս Կոտայքի մարզում պատահաբար տեսա մի հեռուստաալիք, որը կրոնական այլ հոսանքի քարոզչություն էր կատարում: Արդյոք ձեր հանձնաժողովի տիրույթում է այս խնդիրը, եթե այո, ապա դուք ունե՞ք ինֆորմացիա եւ ինչպե՞ս եք կարողանալու, կամ արդյոք ցանկանում եք այս խնդրին որոշակի վերաբերմունք ցուցաբերել",- մանրամասնեց իր հարցը Մարգարիտ Եսայանը:ՀՌԱՀ տնօրենը հստակ պատասխան չտվեց, ավելին` մի փոքր անակնկալի եկավ, շփոթվեց եւ համաձայնեց հարցը քննարկել տիկին Եսայանի հետ. "Հարցը շատ նուրբ է, ես կխնդրեի, եթե զուտ դիտարկում եք կատարում, ապա դա առանձին քննարկենք, մենք էլ կհետաքրքրվենք ձեր ասածի վերաբերյալ":
Այս թեմայով "Իրավունքը" մի քանի հարց ուղղեց ՀՌԱՀ-ի տնօրենին:
ՀՌԱՀ-Ը ԱՐՏՈՆԱԳԻՐ Է ՏԱԼԻՍ, ԲԱՅՑ ՉԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ
ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ
–Պրն Բունիաթյան, կան մալուխային հեռուստաընկերություններ, որոնք, պարզվում է, աղանդ են քարոզում: Դուք մի՞թե տեղյակ չեք այդ մասին:
– Մենք մալուխային հեռուստաընկերություններին վերահեռարձակման արտոնագիր տալիս ենք: Հայաստանում այսօր գործում է մոտ 50 մալուխային հեռուստաընկերություն, որոնք իրենց ցանկում բավական մեծ թվով ալիքներ են հեռարձակում:
– Իսկ տեղյա՞կ եք` ինչ են ներկայացնում հանրությանը:
– Մենք գիտենք` ինչ են ներկայացնում…
– Աղանդները քարոզող հեռուստահաղորդումներ չե՞ն հեռարձակվում:
– Ոչ, չենք հանդիպել: Տիկին Եսայանի հետ խոսեցինք, կճշտենք` խոսքն ինչի մասին է: Եթե օրենքի սահմաններից դուրս է այդ ալիքը, մենք կարձագանքենք:
– Ի՞նչն է պատճառը, որ քիչ են հանրություն-եկեղեցի կապն ամրացնող հեռուստահաղորդումներ: Չե՞ք կարծում, որ նման հաղորդումների սակավ լինելու պատճառով են ակտիվացել աղանդները: Երեւի տեղյակ եք, որ Հայաստանում պաշտոնական թվերով կա 300.000 այլադավան:
– Շատ բարդ հարց է: Միգուցե:
– Ինչո՞ւ են քիչ նման հաղորդումները:
– Ինձ թվում է` հանրությունը խնդիր ունի:
– Ի՞նչ խնդիր:
– Ավելի ակտիվ լինելու, եկեղեցին էլ… (նկատի ունի եկեղեցին պետք է ակտիվ լինի-խմբ.)
– Այսինքն` հանրությո՞ւնը պետք է պահանջի հեռուստաընկերություններից, որ հասարակություն-եկեղեցի կապն ամրապնդող հաղորդումներ պատրաստեն:
– Պահանջելու հարցը չէ, այլ նախաձեռնողականության: Ենթադրում եմ` բոլորը շահագրգռված են, որ նման հաղորդումները շատ լինեն: Ընդհանրապես, ազգային, հայրենասիրական հաղորդումների պակաս կա: Պետք է ավելացնել նման հաղորդումները:
– Իսկ ինչո՞ւ չի ավելացվում: Միգուցե, հեռուստաընկերությունները միայն վարկանիշային հաղորդումներն են կարեւորում:
– Չէ, միայն դրա համար չէ: Արվում է, ինչ-որ առաջընթաց կա: Ուղղակի ենթադրում եմ, որ մեր ցանկությունն ավելի մեծ է:
– Դիպուկ ասացիք` ցանկությունը մեծ է, իսկ ինչո՞ւ քայլեր չեն արվում:
– Եկեք դիմեք հեռուստաընկերություններին` ինչու չեն անում: Պարզապես, նման հաղորդումների քանակն է քիչ:
"ՖՈՐՄԱԼ ԱՌՈՒՄՈՎ "ԿԵՆՏՐՈՆ" ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆԸ ՉԷ"
–Պրն Բունիաթյան, հաշվի առնելով ԲՀԿ-ի քաղաքական պասիվությունը, լուրեր կան, որ "Կենտրոն" հեռուստաընկերությունը վաճառվելու է եւ դառնալու է ԵՏՄ-ին սպասարկող հեռուստաընկերություն:
– Ես նման տեղեկատվություն չունեմ: Եթե վաճառված լիներ, գործարք լիներ, մենք կիմանայինք:
– ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հնչեցրեց հարցադրում այն մասին, որ կան հեռուստաընկերություններ, որոնք միայն մի կուսակցության գաղափարախոսությունն են անընդհատ առաջ տանում: Արդյո՞ք սա, ըստ Ձեզ, ուղեղների լվացում չէ եւ սխալ չէ նաեւ օրենքի տեսանկյունից:
– Ակնհայտ նման հեռուստաընկերություն չկա, որը մի կուսակցության քարոզի…
– Օրինակ, "Կենտրոն" հեռուստաընկերությունը միայն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի գաղափարների քարոզչությունն է առաջ տանում:
– Ֆորմալ առումով "Կենտրոն" հեռուստաընկերությունը Գագիկ Ծառուկյանի հեռուստաալիքը չէ: Իսկ եթե ինչ-որ հեռուստաընկերություններ քաղաքական առումով ինչ-որ ուղղվածություն ունեն, հարում են ինչ-որ կուսակցությունների, դա քննարկման թեմա է: Բայց միանշանակ մի կուսակցությանը գովաբանեն, դա իհարկե…
– Բայց չե՞ք նկատում, որ "Կենտրոն" հեռուստաընկերությունը համամասնությունը չի պահպանում: Միայն մի կուսակցության` ԲՀԿ-ի քարոզչությունն է անում:
– Օրենքի սահմանում պահպանվում է, թե խախտում լիներ, կարձանագրեինք:
Այս պատասխաններից կարելի է եզրակացնել` պրն Բունիաթյանը ՀՌԱՀ փոխտնօրեն Ժիրայր Դադասյանի նման եւս կարծես թե հայկական հեռուստաալիքներ չի նայում: ՀՌԱՀ տնօրենը "լուսնից նոր իջածի" կարգավիճակով էր պատախանում մեր հարցերին` տեղյակ չլինելով, թե ինչը ում է պատկանում: Իսկ այն, որ "Կենտրոն" հեռուստաընկերությունը պատկանում է ԲՀԿ առաջնորդին, այդ մասին գիտի նույնիսկ ոզնին անտառում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

