«ՕԲՅԵԿՏԻՎՈՐԵՆ «ԵՌՅԱԿԸ», ՈՐՊԵՍ ԱՅԴՊԻՍԻՆ, ԱՅՍՕՐ ԱՐԴԵՆ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ»
Արխիվ 12-16«ՕԲՅԵԿՏԻՎՈՐԵՆ «ԵՌՅԱԿԸ», ՈՐՊԵՍ ԱՅԴՊԻՍԻՆ, ԱՅՍՕՐ ԱՐԴԵՆ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ»
Ավարտվեց հերթական ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքը` թողնելով ներքաղաքական դաշտում մի շարք անպատասխան հարցեր: Այդպես էլ քառօրյա նիստերի ընթացքում ԲՀԿ խմբակցության պատգամավորները չվերադարձան նիստերի դահլիճ ու որեւէ դիրքորոշում չհայտնեցին, միայն հայտնի դարձան նրանցից հեռացող պատգամավորների անունները: Իսկ ընդդիմադիր որոշ գործիչներ քառօրյան օգտագործեցին` ճշտելով, թե ընդդիմությունն, ի վերջո, «թոփալ է», թե` ոչ:
ԱԺ քառօրյան հենց վերոնշյալ հարցերի շրջանակում «Իրավունքն» ամփոփեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ հետ:
«ՆՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ՉԵՄ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ»
-Պարոն Շահգելդյան, այս ԱԺ քառօրյայի հենց առաջին օրը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ն. Փաշինյանի կողմից առաջադրված ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու օրենքի նախագիծը ԱԺ օրակարգ մտցնելու քվեարկությունից առաջ ԲՀԿ-ական պատգամավորները շտապեցին հեռանալ նիստերի դահլիճից:
Արդյո՞ք վերջին քաղաքական զարգացումներից հետո նրանք պարզապես որոշեցին խուսափել այս քվեարկությունից:
- ԲՀԿ-ի հեռանալը չեմ կարծում, որ դրա հետ կապ ուներ: Ըստ իս, նրանց դիրքորոշումը հետեւյալն էր` չմասնակցել քառօրյային` մինչեւ կուսակցության համագումարը լինի, եւ ներքին խնդիրները լուծվեն: Բայց ավելի հստակ պատասխան կտան իրենք, համենայնդեպս, իմ կարծիքն այդպիսին է:
- Ողջ շաբաթ ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության որոշ պատգամավորներ խոսեցին ընդդիմության «թոփալ» լինելու մասին: Համամի՞տ եք, որ այսօր ընդդիմությունը կաղում է, այդ թվում` նաեւ ՕԵԿ-ը` որպես ընդդիմադիր ուժ:
- Ես նման ձեւակերպումներ քաղաքականության մեջ չեմ օգտագործում, եւ այդ ձեւակերպումը` ընդդիմության վերաբերյալ, ընդունելի չէ մեզ համար, ու իրականությունն այդպես չէ: Իմ խորին համոզմամբ` այստեղ խնդիրն այլ է, բնականաբար, այն բոլոր գործընթացները, որոնք վերջերս տեղի ունեցան Հայաստանում (քաղաքական երկու բեեւեռների ձեւավորում, կոնֆլիկտ, այնուհետեւ կոնֆլիկտի անսպասելի լուծում եւ հետագա զարգացումներ) բերեցին մի հիմնախնդրի, որ հասարակության մեջ որոշակի հիասթափություն առաջացավ: Դրա հետ միասին, ընդդիմության մեջ քաղաքական ուժերից յուրաքանչյուրն իր քայլերը կատարեց: Օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակ գրեց` Ցեղասպանության հետ կապված, Րաֆֆի Հովհաննիսյանը այլ ճանապարհ ընտրեց... Հասկանալի է, որ քաղաքական դաշտում իրավիճակ փոխվեց: Եվ ընդունելի չէ ասվածը «Օրինաց երկրի» համար, քանի որ մեր կուսակցությունը ինչպես պայքարել է, ինչպես ելույթներ է ունեցել, այնպես էլ հիմա պայքարում է ընդդիմադիր դաշտում ու շարունակելու է պայքարել: Դա մեր սկզբունքների, ծրագրերի իրականացումն է: Այնպես որ, եթե մենք իսկապես ուզում ենք ժողովրդավարական երկիր դառնանք, ինչ-որ բան փոխենք, ապա մեր հնարավորությունների շրջանակներում, պետք է աջակցենք քաղաքական ակտիվությանը:
«ՈՉԻՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱՑԱՌԵԼ»
-Այս պահին, երբ ոչ իշխանական «եռյակի» ձեւաչափը չի գործում, հնարավո՞ր է ինչ-որ նոր քաղաքական միավոր ստեղծվի նաեւ ՕԵԿ-ի մասնակցությամբ:
- Սկսենք այդտեղից, որ «Օրինաց երկիրը» միանալու խնդիր չունի, որովհետեւ այդ հարցն այսօր չկա օրակարգում, եւ երկրորդ` այդ իրավիճակը չկա քաղաքական դաշտում: Ըստ էության, օբյեկտիվորեն «եռյակը», որպես այդպիսին, այսօր արդեն չի գործում: Վերջին զարգացումների ընթացքում տարբեր մոտեցումներ էին արտահայտում անգամ «եռյակի» մեջ մտնող քաղաքական ուժերի ղեկավարների կողմից: Իհարկե, ֆորմալ այն կարծես շարունակում է գոյություն ունենալ, մնացածն արդեն կտեսնենք, թե ինչպիսի զարգացումներ կլինեն: Ոչինչ չի կարելի բացառել, ոչինչ չի կարելի ասել, թե հաստատ լինելու է: Բայց իմ կարծիքով` «եռյակի» ձեւաչափը չի աշխատում: Բացի դրանից, «Բարգավաճ Հայաստանը» համագումար է պատրաստվում անել, հավանաբար, դրանից հետո իրենք իրենց քաղաքական գիծը կհստակեցնեն եւ իրենց դիրքորոշումներն արդեն կարտահայտեն, քանի որ «եռյակը» երեք ուժերից էր կառուցված, թեպետ այսօր արդեն տարբեր ուղղություններով քայլեր, գործողություններ ու հայտարարություններ են հնչում «եռյակի» անդամ ուժերի ներկայացուցիչների կողմից:
- Ի դեպ, ե՛ւ ՀԱԿ-ը, ե՛ւ «Ժառանգությունը» պատրաստվում են հանրահավաքի: ՕԵԿ-ը որեւէ հրավեր ստացե՞լ է, եւ հնարավո՞ր է, որ Ձեր կուսակցությունն էլ անցնի հանրահավաքների:
- Մենք չենք ստացել հրավեր, յուրաքանչյուր քաղաքական ուժ իր հանրահավաքն է անում: Ինքներս արել ենք հանրահավաքներ եւ անելու ենք: Մենք հեռու ենք այն գաղափարից, որ յուրաքանչյուր հանրահավաքի անխուսափելի արդյունքը կարող է լինել արյունահեղությունը: Մեր քաղաքական պայքարի, քաղաքական գործունեության մեջ օգտագործել ենք եւ օգտագործելու ենք հանրահավաքները, քայլարշավները` որպես դեմոկրատական պայքարի ձեւ:
«2006-2008 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՄԵՐ ՆԿԱՏՄԱՄԲ ՃՆՇՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ»
-Շատ խոսվեց, որ ներքաղաքական այս իրավիճակից շահում է «Օրինաց երկիրը», հատկապես որ ընդդիմադիր խմբակցություններից միակն եք, որի ներսում, կարծես թե, համերաշխություն կա:
- Տվյալ իրավիճակում, իսկապես քաղաքական դաշտը կտրուկ փոփոխություններ կրեց, եւ մարդիկ ուղենիշների կարիք ունեն: «Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր եւ մշտապես իր ուղենիշները հստակ է ձեւավորում եւ բաց է խոսում մարդկանց հետ: Մեր կուսակցությունն անցել է շատ երկար, հաճախ դժվար քաղաքական պայքարի ճանապարհ: 2006-2008 թվականներին, որպես ընդդիմադիր կուսակցություն` մեր նկատմամբ ճնշումներ են եղել, եւ քրեական գործեր են հարուցվել, որով ե՛ւ դատախազությունն է զբաղվել, ե՛ւ ոստիկանությունը: Մենք գիտենք, թե ինչ է նշանակում քաղաքական պայքար ընդդիմության շրջանակներում: Այսօրվա դրությամբ նոր քաղաքական դաշտում, մենք նույն ձեւով գտնում ենք, որ քաղաքական պայքարը չպետք է լինի ատելության վրա հիմնված, որը չենք ընդունում եւ միշտ ենք ասել դա: Մենք չենք ասում քաղաքական պատերազմ, այլ ասում ենք` այո՛ մրցակցությանը, այո՛ հաճախ կոշտ դիրքորոշումներ արտահայտելուն, բայց դրա հետ միասին` ո՛չ ատելությանը: Եվ այսօր ՕԵԿ-ը հավատարիմ է լինելու իր այս ուղղությանը: Մենք համոզված ենք, որ հազարավոր մարդիկ, բացի նրանից, որ աջակցում են, էլի են աջակցելու մեզ: Այստեղ շահողների եւ պարտվողների խնդիր չէ, այլ սեփական պայքարը տանելու, սեփական քաղաքական մշակույթով առաջ գնալու խնդիր է: Մենք հասկացել ենք, որ սա է Հայաստանում քաղաքական պայքարի ճանապարհը: Նախկինում երեւի շատ ավելի կոշտ էր այդ իրավիճակը: Իսկ թե ինչպես կլինի ապագան, դա ժողովուրդն արդեն կորոշի, թե ով ինչ վստահություն կվայելի: Այսօր մենք պատրաստ ենք մեր քաղաքացիների հետ աշխատել եւ հետեւողականորեն գնալու ենք առաջ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

