ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Արխիվ 12-16ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ,
ՈՐ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Շահութահարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն արդեն մի քանի օր է, ինչ խորհրդարանում արժանանում է թեժ քննարկումների: Հիմնական զեկուցող Վարդան Այվազյանին պարբերաբար ընդհատում էր Հրանտ Բագրատյանը` փորձելով իր տնտեսագիտական "հմուտ" գիտելիքները բանեցնել, սակայն հանկարծ տեղից բղավելով` ասաց, որ սա տնտեսագիտություն է, եւ որի հետ ինքը` Բագրատյանը, կապ չունի:
Ի պատասխան` Վարդան Այվազյանն ասաց. "Դուք էլ ժամանակին HSBC բանկին արտոնություն տվեցիք, պարոն Բագրատյան, եթե չեք հասկանում շահութահարկի տարբերությունը, ցավում եմ: Խոսքը վերաբերում է աշխատուժի գրանցմանը: Դուք, որ խոսում եք, ես ձեզ չեմ խանգարում",- հակադարձեց Այվազյանը:
"Մենք տվել էինք շատ փոքր արտոնություն, ազատել ենք եկամտահարկից եւ շատ կարճ ժամկետով` 10 տարով",- տեղից արդարացավ Բագրատյանը:
Իսկապես, սա շատ փոքր արտոնություն է եւ շատ կարճ ժամանակ: Հավանաբար, Բագրատյանը իսկապես որեւէ կապ չունի տնտեսագիտության հետ: Շատ ափսոս, եթե կապ ունենար, գուցե, երբ նա վարչապետ էր, մեր կյանքն այդքան դառը չէր լինի, իսկ մեր տնտեսությունն էլ` այդքան աղետաբեր: Ի դեպ, Բագրատյանը շատ է սիրում խոսել տնտեսագիտությունից, նախօրեին էլ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին փորձում էր իր տնտեսագիտական ունակությունները ցուցադրել` ասելով, կամ Հ. Նաղդալյանը պետք է փոխվի, կամ` տնտեսագիտությունը: Եվ համոզվելով, որ Նաղդալյանը չի փոխվել, Բագրատյանը որոշեց հրաժարվել տնտեսագիտությունից:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

