ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ ՄՈՒՇԵՂ ՊԵՏՈՅԱՆԸ դադարեցրել է իր անդամակցությունը ԲՀԿ խմբակցությանը: Հայտարարությունից հետո մի շարք պատգամավորներ տեղից նստած ցանկանում էին մտաբերել, թե ով է այդ պատգամավորը, սակայն նրանց դեմքի արտահայտությունից մի բան պարզ էր, որ այդպես էլ տեղը չբերեցին Մ. Պետոյանին: Սա ի դեպ առաջին նախադեպը չէր, որ անգամ պատգամավորի անուն ազգանունը ոչինչ չի ասում շատերին, դրա համար կարելի է առաջարկել ԱԺ տարածքում կառուցել անհայտ պատգամավորների հուշատեղի: Իսկ չhիշողների համար ասենք, որ Մուշեղ Պետոյանը 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 36 ընտրատարածքից: Հիշեցնենք, որ վերոնշյալ գործարար պատգամավորի մասին Արթիկում խոսակցություններ էին տարածվել, որ իրենց պատգամավորը` մեծամասնական ընտրակարգով ընտրված Մուշեղ Պետոյանը, հայոց խորհրդարանում պատգամավոր լինելուն զուգահեռ, բիզնես է անում նաեւ Անապայում:
Ըստ արթիկցիների` նրա մի ոտքը Հայաստանում է, մյուսը` Անապայում, նույնիսկ այս քաղաքի բնակիչների ասելով` նա մի պահ ընտանիքով տեղափոխվել էր Անապա: Ավելին` նա նաեւ լրագրողների հետ զրույցում ասել է, որ, այո, նրանք ունեն բիզնես, բայց Ռուսաստանում, սակայն նշել է, որ բիզնեսով զբաղվում է իր հայրը: Ըստ որոշ լրատվամիջոցների` պարոն Պետոյանի ընտանիքը 2013 թվականին ցանկացել է վաճառել իր բիզնեսը` քարհանքները, գազալցակայանները` այն տեղափոխելով Ռուսաստան: Սակայն այս տեղեկատվությունը պատգամավորը հերքել է` ասելով, որ չեն պատրաստվում վաճառել եւ որ հայրենիքում իրենց շատ լավ են զգում. "Մեր բիզնեսները բոլորն էլ եկամտաբեր են, օրինակ` գազալցակայանը աշխատում է իտալական սարքավորումներով, առանց վառելիքի կորստի, եկամտաբեր է, նմանապես ուրիշները իրենց քարհանքներն են փակում, իսկ մերը սկսել է լավ հումք տալ, մենք բողոքելու տեղ չունենք: Եթե էդ բիզնեսները փակենք, ես ո՞նց օգնեմ, ասենք, Երեւանում սովորող արթիկցի ու մարալիկցի ուսանողներին, տրանսպորտը նրանց համար անվճար է, մոտ 50-60 ուսանողի ամենշաբաթյա ճանապարհածախսը` 3000 դրամ, ես եմ տալիս, ամսական կտրվածքով 15-20 հազար դրամ գոնե նրանց ընտանքիները շահում են":