ՀԱՐԱԶԱՏ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Լ. ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ՀՀԿ-ԻՆ
Արխիվ 12-16ՀԱՐԱԶԱՏ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ
Լ. ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ՀՀԿ-ԻՆ
Երեկ ուշագրավ իրավիճակ ստեղծվեց ԱԺ նիստերի դահլիճում: Թեպետ արդեն մի քանի րոպե էր, ինչ ընդմիջումից հետո սկսվել էր ԱԺ նիստը, սակայն բանախոսը` ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ իր «կախարդական փայտիկով» չկար: ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ հորդորեց հանդուրժողաբար սպասել ընդդիմության միակ ներկայացուցչին, քանի որ ոչ միայն Լ. Զուրաբյանի հարազատ խմբակցությունից, այլեւ ընդհանրապես ընդդիմությունից որեւէ մեկը դահլիճում չկար: «Հետո չասեն` իշխանությունը հանդուրժող չէ»,- կատակեց Շարմազանովը: Ըստ էության, Լ. Զուրաբյանին սեփական խմբակցությունում ոչ ոք չի ուզում լսել ու ստիպված արհամարհված ընդդիմադիր գործընկերոջը լսում է ՀՀԿ-ն: Ի վերջո, շնչակտուր ներս ընկավ ՀԱԿ խմբակցության ղեկավարը, ով անգամ շտապելուց մոռացել էր ցավացող ոտքի մասին ու «կախարդական փայտիկ» դարձած ձեռնափայտը, սովորության համաձայն, ճոճում էր օդում: Է. Շարմազանովը անհանգստանալով ընդդիմադիր գործընկերոջ համար` առաջարկեց ջուր խմել, հետո սկսել ելույթը: «Շատ հանդուրժող եք, մեծահոգի: Շնորհակալ եմ, որ սպասեցիք»,- վերջապես այդ փաստն ընդունեց Լ. Զուրաբյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

