ՄԵԾԱՄՈՐԻ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՌԱՋԱՑՐԵԼ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՎԱՂ ՇՐՋԱՆՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ
Արխիվ 12-16ՄԵԾԱՄՈՐԻ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՌԱՋԱՑՐԵԼ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՎԱՂ ՇՐՋԱՆՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄՈՏ
Մեծամորի արգելոց -թանգարանում առաջին հնագիտական պեղումները սկսվել են 1965 թվականին, եւ դադարեցին 2007 թ.-ին: Հնագիտական պեղումների աշխատանքները վերսկսվել են միայն 2010 թվականին: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ ԱՇՈՏ ՓԻԼԻՊՈՍՅԱՆԻ խոսքով` այդ տարիների ընթացքում արգելոց-թանգարանի, հատկապես դամբարանադաշտի տարածքում առաջացել են խոստածածկեր, որոնք մաքրելու համար պահանջվել է մոտ երկու տարի:
2013 թվականից սկսած հայ հնագետները Մեծամորում պեղումներ են իրականացնում լեհ գործընկերների հետ.«2012-2014 թթ. ընթացում պեղումները հիմնականում կենտրոնացվել են Մեծամորի քաղաքային թաղամասում: Սա այն հատվածն է, որը երբեւէ չի պեղվել: Մեզ համար շատ հետաքրքիր էր, երբ այդ հատվածում պեղումների ժամանակ բացեցինք այնպիսի կառույցներ, որոնք իրենց չափերով եւ պարունակող նյութով չէին տարբերվում միջնաբերդի կառույցներից: Ըստ ամենայնի բնակավայրը, որը հիմնվել է երեւի մ.թ.ա. 4-3 հազարամյակում եւ գոյատեւել մինչեւ ուշ միջնադար , 2-րդ հազարամյակի կեսերից ընդլայնվել է »,-նշեց Ա. Փիլիպոսյանը:
Պեղումների արդյունքում հայտնաբերվել է մեկ մետրանոց չորս կարասներ: Դրանք հավաքվել են 100-150 կտոր բեկորներ միմյանց միացնելով:
Պարոն Փիլիպոսյանը նախորդ տարի Թբիլիսիում տեղի ունեցած գիտական ժողովի ժամանակ առաջին անգամ ներկայացրել է Մեծամորի պեղումների արդյունքները, որից հետո էլ երկու թուրք հնագետ ցանկություն են հայտնել մասնակցել Մեծամորի պեղումներին: Ըստ Ա. Փիլիպոսյանի` Մեծամորի պեղումների երկրորդ փուլը հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն հայերի, այլեւ Մերձավոր Արեւելքի վաղ շրջանով զբաղվող մասնագետների մոտ: Հնագետը հույս հայտնեց, որ այս տարի հնագիտական արշավախումբը ավելի մեծ կլինի, որի արդյունքում էլ ավելի լուրջ խնդիրների վրա ուշադրություն կդարձնեն.«2015 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մենք կանցկացնենք գիտաժողով`նվիրած Մեծամորի պեղումների 50-ամյակին, հույս ունեմ, որ իրենց մասնկացությունը կբերեն նաեւ մասնագետներ Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Լեհաստանից»,-շեշտեց Աշոտ Փիլիպոսյանը եւ ավելացրեց, որ պեղումների ընթացքում այն ինչ հայտնաբերվել է թվագրվում է մ.թ.ա 11-9-րդ դարերին , այսինքն`մինչ Ուրարտական ժամանակաշրջան: Թե ինչպիսի արդյունքներ կգրնանցվի Մեծամորի հնավայրում` ցույց կտան այս տարվա պեղումները:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

