Այս տարվա մարտին Յունիբանկը երկու նոր մասնաճյուղ կբացի
Արխիվ 12-16Այս տարվա մարտին Յունիբանկը
երկու նոր մասնաճյուղ կբացի
Բանկային ավանդը շարունակում է մնալ դրամական միջոցների պահպանման ամենավստահելի և ամենապահանջված միջոցը: Այս տարվա սկզբից մինչև այժմ, այսինքն` երկու ամսվա ընթացքում Յունիբանկի կողմից միայն ՀՀ դրամով ներգրավված ավանդների ծավալն աճել է ավելի քան 2.3 մլրդ դրամով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:
Նա նաև հայտնեց, որ այս տարվա մարտին բանկը նախատեսում է բացել երկու նոր մասնաճյուղ: Մասնաճյուղերից մեկը գտնվում է Երևանի կենտրոնում` Ա.Մանուկյանի փողոցում և տարբերվում է տեղեկատվական տեխնոլոգիաների հագեցվածությամբ, ինչը հնարավորություն է կտա բանկին ապահովելու սպասարկման նոր որակ` շեշտը դնելով սպառողական վարկավորման ընդլայնման վրա:
“Այսօր բանկային գործի զարգացման հիմնական ուղղությունը հաճախորդամետ քաղաքականությունն է: Այժմ բանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 46 մասնաճյուղերով: Բայց, մեր հաճախորդների թիվը գնալով աճում է` Յունիբանկը սպասարկում է մոտ 257 հազար հաճախորդի: Այնպես որ, արագ ու հարմարավետ սպասարկում իրականացնելու համար այս տարի ևս ծրագրել ենք մասնաճյուղային ցանցի ընդլայնում”, - նշեց Մ.Հակոբյանը:

