ՀՌԱՀ ՏՆՕՐԵՆ. «ՖՈՐՄԱԼ ԱՌՈՒՄՈՎ «ԿԵՆՏՐՈՆ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆԸ ՉԷ»
Արխիվ 12-16ՀՌԱՀ ՏՆՕՐԵՆ. «ՖՈՐՄԱԼ ԱՌՈՒՄՈՎ «ԿԵՆՏՐՈՆ»
ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆԸ ՉԷ»
ՀՌԱՀ տնօրեն Գագիկ Բունիաթյանն այսօր խորհրդարանում պատասխանեց պատգամավորների մի քանի հարցերին: Օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հիմնական մտահոգությունը հետեւյալն է` ի՞նչ է մատուցվում այսօր եթերից մեր հեռուստադիտողներին: Այս եւ այլ հարցերի մասին «Իրավունքը» զրուցեց Գագիկ Բունիաթյանի հետ:
- Պրն Բունիաթյան, հաշվի առնելով ԲՀԿ-ի քաղաքական պասիվությունը, լուրեր են կան, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունը վաճառվելու է եւ դառնալու է ԵՏՄ-ին սպասարկող հեռուստաընկերություն:
- Ես նման տեղեկատվություն չունեմ: Եթե վաճառված լիներ, գործարք լիներ, մենք կիմանայինք:
- ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հնչեցրեց հարցադրում այն մասին, որ կան հեռուստաընկերություններ, որոնք միայն մի կուսակցության գաղափարախոսությունն են անընդհատ առաջ տանում: Արդյոք սա, ըստ Ձեզ, ուղեղների լվացում չէ եւ սխալ չէ նաեւ օրենքի տեսանկյունից:
- Ակնհայտ նման հեռուստաընկերություն չկա, որը մի կուսակցության քարոզի…
- Օրինակ, «Կենտրոն» հեռուստաընկերությունը միայն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի գաղափարների քարոզչությունն է առաջ տանում:
- Ֆորմալ առումով «Կենտրոն» հեռուստաընկերությունը Գագիկ Ծառուկյանի հեռուստաալիքը չէ: Իսկ եթե ինչ-որ հեռուստաընկերություններ քաղաքական առումով ինչ-որ ուղղվածություն ունեն, հարում են ինչ-որ կուսակցությունների, դա քննարկման թեմա է: Բայց միանշանակ մի կուսակցությանը գովաբանեն, դա իհարկե…
- Բայց չե՞ք նկատում, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունը համամասնությունը չի պահպանում: Միայն մի կուսակցության` ԲՀԿ-ի քարոզչությունն է անում:
- Օրենքի սահմանում պահպանվում է, թե խախտում լիներ, կարձանագրեինք:
Այս պատասխաններից կարելի է եզրակացնել` պրն Բունիաթյանը ՀՌԱՀ փոխտնօրեն Ժիրայր Դադասյանի նման եւս կարծես թե հայկական հեռուստաալիքներ չի նայում: ՀՌԱՀ տնօրենը «լուսնից նոր իջածի» կարգավիճակով էր պատախանում մեր հարցերին` տեղյակ չլինելով, թե ինչը ում է պատկանում: Իսկ այն, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունը պատկանում է ԲՀԿ առաջնորդին, այդ մասին գիտի նույնիսկ ոզնին անտառում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

