Հայ ազգի պանծալի զավակը. Զորավար Անդրանիկի ծննդյան 150 ամյակը նշվեց Երևանում գտնվող թանգարանում
Արխիվ 12-16Հայ ազգի պանծալի զավակը.
Զորավար Անդրանիկի ծննդյան 150 ամյակը
նշվեց Երևանում գտնվող թանգարանում
Հայ ազգը վառ անհատականությունների պակաս երբեք չի ունեցել, բայց միշտ էլ զգացել է պետականամետ այնպիսի գործիչների կարիք, որոնք, համատեղելով ռազմական, քաղաքական ու ստեղծագործական գործունեությունը, նաև բացել են ազգի առջև ծառացած հրատապ խնդիրներին հասնելու ճանապարհը։ Ազատագրական պայքարի վերելքի ամեն մի շրջան ծնում է իր հերոսներին, իսկ հերոսների շարքից առանձնանում է Առաջնորդը… Ավաղ, մեր ժողովուրդը հաճախ ժամանակին չի ճանաչել իր Առաջնորդին, և հենց դա էլ եղել է նրա դժբախտությունը։ Մեր պատմությունը վկա։
Այս հերոսների շարքին է պատկանում Անդրանիկ Օզանյանը կամ ժողովրդի լեզվով ասած Զորավար Անդրանիկը:
Փետրվարի 25-ին լրացավ նրա ծննդյան 150 ամյակը։ Այս առիթով միջոցառումներ են կազմակերպվել ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում ու Սփյուռքում: Խոսենք Երևանում գտնվող Զորավար Անդրանիկի թանգարանում կայացած հետաքրքիր ու հայրենասիրական միջոցառման մասին:
Այսպիսով սույն թվականի փետրվարի 25-ին` Մեծն Զորավարի ծննդյան 150 ամյակի օրը Երևանում նրա անունը կրող թանգարանում կազմակերպվել էր մի յուրահատուկ ու հետաքրքիր միջոցառում` նվիրված Անդրանիկ Օզանյանին: Միջոցառումը բաղկացած էր 2 մասից` գրական ու գեղարվեստական,որտեղ ելույթներով հանդես եկան մի շարք պատմաբաններ,գրականագետներ ու երգիչ երգահաններ: Այն վարում էր Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ,սիրված հեռուստահաղորդավարուհի Արփեն Մովսիսյանն, ով այնպիսի հայրենասիրական շունչ էր մտցնում հանդիսատեսին,կարծես լիներ զորավարի ժամանակակիցն ու դարաշրջանի վկան:
Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ թանգարանի հիմնադիր-տնօրեն, գրող հրապարակախոս Իլյիչ Բեգլարյանն, ով ներկայացրեց Անդրանիկ Օզանյանին ու մի քանի խոսքով խոսեց թանգարանի հիմնադրման մասին:
Այնուհետև ելույթներով հանդես եկան գրականության ու արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը պատմաբան Արմեն Կարապետյանը, երգիչ երգահան Արսեն Համբարյանն, երգիչ Գրիգոր Համբարյանը, Աշուղ Ռազմար Սասունցին և մի շարք այլ արվեստագետներ ու հայրենասերներ, ինչպես նաև ազգագրական պարի ու երգի համույթներ:
Միջոցառման ընթացքում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարի ու Երկրապահ Կամավորական միության գերատեսչական ու պետական պարգևներով պարգևատրվեցին թանգարանի տնօրենն ու Զորավար Անդրանիկ ջոկատի մի շարք զինծառայողներ:
Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է 1865 թ.՝ Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ 1892 թ-ին անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը, որից հեռացել է 1917 թ-ին։ Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց 1 տարի անց բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից հաջող փախուստ իրականացնելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, բայց շուտով վերադառնում է Արևմտյան Հայաստան, իսկ հետո էլ ուղևորվում է Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու համար։ Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901 թ. Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904 թթ. Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։ 1905 թվականին Անդրանիկն անցավ Կովկաս, որտեղ հայկական ազգային շարժման երևելի գործիչների հետ քննարկում էր օսմանյան լծի դեմ հետագա պայքարի հարցերը։ Դրանից հետո Անդրանիկը մեկնեց երկարատև ճանապարհորդության, որի ընթացքում այցելեցՖրանսիա, Շվեյցարիա, Բելգիա, Անգլիա, Բուլղարիա և Իրան՝ հանրությանը տեղեկացնելով Արևմտահայաստանի հայերի ազգային-ազատագրական պայքարի ու դրա հետ կապված զենքի ձեռք բերման անհրաժեշտության մասին։ Բուլղարիայում Անդրանիկը գրեց իր «Մարտական հրահանգները»՝ ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը։ Հետագայում այդ փորձը լավ ծառայեց բուլղարացիներին՝ Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ։ 1912-ին Անդրանիկը հայ կամավորներից կազմակերպեց վաշտ, որը մտավ բուլղարական բանակի աշխարհազորի կազմի մեջ։ Հայ ռազմիկները հերոսություն ցուցաբերեցին Միսթանլի, Ուզուն, Մերեֆտե, Շար-Կիո և այլ քաղաքների համար մղված մարտերում։ Անդրանիկը մասնակցում էր գեներալ Յավեր փաշայի թուրքական կորպուսի ջախջախմանը։ Բուլղարական հրամանատարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մասնակցությունը Առաջին Բալկանյան պատերազմին։
Առաջին Աշխարհամարտը սկսվելուն պես Անդրանիկը շտապում է Կովկաս։ 1914 թ. օգոստոսի 12-ին Թիֆլիսում նա հանդիպում է Կովկասյան ռազմական շրջանի զորքերի գերագույն հրամանատար Միշլաևսկուն ու հայտնում է Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու պատրաստակամության մասին։ Անդրանիկին հանձնարարվեց ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը։ Այդ գնդին գլուխ կանգնած՝ Անդրանիկը անհավասար մարտեր է մղում թուրքական զորքերի դեմ ու հեղինակություն է նվաճում ռուսական ռազմական հրամանատարության շրջանում։գեներալ-լեյտենանտ Չերնոզուբովը, մասնավորապես, գրում էր. «Ես միշտ հանձինս Անդրանիկի տեսնում էի ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատության մարտիկին, որ խորապես սիրում է իր Հայրենիքը։ Ես առանձնակի հաճույքով էի միշտ կարդում ռուսերեն թարգմանությամբ քաղվածքները հայկական թերթերի հոդվածներից, որտեղ Անդրանիկին հարգանք էր մատուցվում՝ իբրև ազգային հերոսի, որն իր գլուխը միշտ քաջաբար պահեց Հայաստանի դարավոր թշնամու դեմ պայքարում ազգային իդեալները իրագործելու համար»։ Մյուս, ոչ պակաս հայտնի ռուս զորավար Յուդենիչը Անդրանիկի մասին ասաց, որ նա «խենթի պես քաջ է»։
Անդրանիկը վիթխարի դեր խաղաց Զանգեզուրի պաշտպանությունում։ Մարտերի ընթացքում թուրքական զորքերի մինչև 40 տոկոսը ուղղվեց Զանգեզուր՝ Անդրանիկի դեմ։
Անդրանիկը մահացավ 1927 թ. օգոստոսի 30/31-ին, Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից (ԱՄՆ) և սեպտեմբերին թաղվեց Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թ. հունվարին նրա աճյունը փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000) այն տեղափոխվեց Հայրենիք՝ Երևանի Եռաբլուրպանթեոն։ Անդրանիկի անունով են կոչվում հրապարակներ, փողոցներ, դպրոցներ, նրա պատվին տեղադրված են արձաններ և հուշատախտակներ աշխարհի մի շարք երկրներում (Հայաստան, Բուլղարիա, Ֆրանսիա, Ռումինիա)։ Նրան են նվիրված մեծ թվով ժողովրդական ստեղծագործություններ, գրքեր և հոդվածներ տարբեր լեզուներով։
Նրա հիշատակն ու սխրանքը միշտ կմնա մեր հուշերում:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները`Սիրարփի Կարապետյանի











