ԱՅՍ ԳՐՔՈՎ ԿՍՐԲԱԳՐՎԻ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ԱՅՍ ԳՐՔՈՎ ԿՍՐԲԱԳՐՎԻ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Սիրված դերասան Մհեր Մկրտչյանին հանրությունը ճանաչում է որպես դժբախտ ու
թախծոտ անձնավորություն, տխուր կերպարներով, մինչդեռ նա կյանքում ճիշտ հակառակն է եղել: Նրա այրին` դերասանուհի, բեմադրիչԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, իր «Չտեսնված Մհերը» գրքով կոտրում է բոլոր այդ կարծրատիպերը, ներկայացնելով ամուսնու կյանքի վերջին 11 տարիները` 1982-1993 թթ., Մհեր Մկրտչյան արտիստին բացահայտում այլ տեսանկյունից: Լույս տեսած գրքում զետեղված 260 դեռեւս չհրապարակված լուսանկարները պատմում են Ֆրունզիկի դերասանական գործունեության, եւ առօրյա կյանքի մասին:
Ինչպես գրականագետ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆՆ ասաց, այս գրքով կսրբագրվի ՄհերՄկրտչյանի կենսագրությունը:
Գրքի հեղինակ ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ այսօր կայացած շնորհանդեսին անկեղծանալով` ասաց, որ եթե չլինեին գրքի խմբագիր Զավեն Բոյաջյանի հորդորները, երբեմն զայրացկոտ դիտողությունները, գիրքը երբեք չէր տպագրվի: Ապա դիմեց ներկաներին. «Եթե ուզում եք, որ էլի գաղտնիքներ բացվեն Մհերի թե՛ անձնական, թե՛ բեմական կյանքից, ապա պիտի ասեք, որ Զավենը ինձ տեղից շարժի ու ստիպի»,- կատակեց Թ. Հովհաննիսյանն ու մի պահ տեղափոխվեց անցյալ. «Մի օր Մհերը շատ խիստ տոնով ասաց. «Ինձ իմ խաղացած կերպարների հետ չխառնե՛ս...», էն դժբախտ ու հալածված, տխուր եւ միայնակ մարդու կերպարը, որ անհասկանալի նպատակներով մատուցվել է իրեն սիրող մարդկանց, ճիշտ չէ, եւ դա ճիշտ չէր լինի որեւէ մեկի պարագայում, որովհետեւ մարդը չի լինում միայն դժբախտ կամ միայն հալածված: Մարդն ունենում է այդպիսի պահեր, կամ էլ` այդպիսի կյանքի շրջան, բայց, ոչ ընդհանրապես
այդպես դժբախտ ու վերջ: Գուցե նրա ստեղծած կերպարները փոքր մարդիկ էին, խեղճ մարդիկ էին, զորավոր, հերոս մարդիկ չէին, բայց, ինքը զորավոր մարդ էր: Տեսե՛ք, թե ինչքան է ապրում նա, դուք կարծում եք ինքն այսօր չի՞ ապրում, տեսեք, թե ոնց է լավ իմաստով ստիպում մարդկանց շարունակել սիրել ու հիշել իրեն: Տեսե՛ք, ոնց ինձ հանգիստ չի թողնում, գիտեք, որ այսօր էլ նա այստեղ է: Ես իմ խղճի առաջ, իմ Աստծո առաջ, իր հիշատակի առաջ պարտավոր էի սա անել: Չէի ուզում անել, դա իմն էր միայն, բայց, Աստված իմ, ի՞նչ հանցագործ կլինեի, եթե չանեի այս բանը: Իրեն այսքան սիրող, հիշող ժողովրդին ո՞նց ցույց չտայի այդ լուսանկարները, դրանց մասին չպատմեի, չասեի թե ոնց էր հաճոյախոսություն անում, ոնց էր կանանց հետ պարում, ոնց էր գրկում նրանց, ինչ էր սիրում ուտել, ոնց էր դժվար իրավիճակից դուրս գալիս, ոնց էր խաղում, ոնց էր նայում բեմի վրա խաղընկերոջ աչքերի մեջ, ոնց էին աչքերը փախած` լրիվ ուրիշ կերպ... Ես այս բաները գրել եմ եւ հիմա, երբ կարդում եմ, նորից ու նորից զգում եմ, թե ինչքան բան ունեմ դեռ ասելու: Այնպես որ, վերցրեք նոր չտեսնված Մհերին, շարունակեք սիրել նրան, եղեք երջանիկ` Մհերով, որովհետեւ նա շատ խերով մարդ էր ու շատ դրական դաշտ ուներ: Եվ թող լավ լինի Հայաստանը, ու թող լինի Հայաստանը, քանի որ դա միակ բանն է, որ Մհերը այնտեղ` երկնքում կուզեր Հայաստանի համար»:
Առավել մանրամասն կարդացեք տպագիր «Իրավունքում»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

