ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՄՆՈՒՄ Է "ՅՈՒՎԵՆԹՈՒՍԻ" ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Արխիվ 12-16ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՄՆՈՒՄ Է "ՅՈՒՎԵՆԹՈՒՍԻ" ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի "Բորուսիայի" կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ Թուրինի "Յուվենթուսի" ուշադրության կենտրոնում: Թեեւ հայ ֆուտբոլիստը քանիցս հայտարարեց, որ հավատարիմ է գերմանական ակումբին եւ ցանկանում է կարիերան շարունակել այնտեղ, այնուամենայնիվ, թուրինյան ակումբի ղեկավարները մտադիր են սկսել բանակցությունները` Մխիթարյանի տեղափոխության հարցով, հայտնում է Tuttosport-ը: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի "Յուվենթուս"-"Բորուսիա" հանդիպումը լավագույն հնարավորությունը կարող է դառնալ թե՛ իտալական ակումբի ղեկավարների համարª իրենց որոշման մեջ հստակություն մցնելու եւ թե՛ հայ ֆուտբոլիստի համար, ով կարող է դրական լույսի տակ ներկայանալ հանդիպման ընթացքումª ցուցադրելով լավագույն որակները: Ինչպես գիտենք, Մխիթարյանի լավագույն խաղի սպասումներով են նաեւ գերմանական ակումբի երկրպագուները, քանզի հայ ֆուտբոլիստը վնասվածքների պատճառով այդպես էլ իր մարզավիճակի գագաթնակետին չհասավ: Մասնավորապես, Բունդեսլիգայի վերջինª 22-րդ տուրում Դորտմունդի "Բորուսիան" հյուրընկալվելիս, թեեւ 3:2 հաշվով հաղթեց "Շտուտգարդին", սակայն Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ միայն ընդմիջումից հետո: Սակայն դրանով էլ հայ ֆուտբոլիստի վիճակագրությունը բավականին լավ էր. Մխիթարյանը վազել է 6.35 կիլոմետր, կատարել մեկ հարված, որը շեղ է ընթացել, 49 անգամ դիպել է գնդակին, կատարել 25 փոխանցումª 68 տոկոս ճշգրտությամբ, հաղթել է 3 մենապայքարում, մեկ անգամ խախտել կանոնները ու չի հայտնվել խաղից դուրս վիճակում: Արդյունքումª ստացել է 7.19 գնահատականը, որը "Բորուսիայի" 4-րդ ցուցանիշն էր: Իհարկե, Մխիթարյանը վիճակագրության եւ արդյունավետության շատ ավելի լավ պատկեր էլ է ունեցել. հայ ֆուտբոլիստն իր լավագույն մարզավիճակում լինելով` բազմիցս վճռորոշ դեր է ունեցել գերմանական ակումբի հաղթանակներում: Սակայն ընթացիկ մրցաշրջանն այնքան էլ հաջող չէ, եւ նշված արդյունքն ավելի շատ վկայում է, որ Մխիթարյանը սկսել է մոտենալ իր լավագույն մարզավիճակին: Իսկ սա հատկապես "Յուվենթուսի" դեմ խաղի շեմին կարեւոր գործոն է:
Ի դեպª կան տվյալներ, որ իտալական ակումբը ցանկանում է Մխիթարյանին ձեռք բերել ամռանը եւ վճարել նրա համար 15 միլիոն եվրո: Ինչեւէª Fichajes.net-ի համաձայնª գերմանական ակումբը մտադիր է երկարաձգել 25-ամյա ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրը եւ բարձրացնել նրա աշխատավարձը: "Բորուսիան" նաեւ ցանկանում է բարձր դրույքաչափ սահմանել Մխիթարյանի տրանսֆերի համար: Այս հանգամանքները կարող են բարդացնել թուրինյան ակումբի գործը, բայց ակումբը մտածում է նաեւ Մխիթարյանի վարձակալության մասին: Հայ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը հաստատել են նաեւ "Յուվենթուսի" գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ու թիմի գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

